Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը սգում է իսրայելական ուժերի կողմից Հըզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունը: Նրա խոսքով՝ Իրանի թշնամին Պաղեստինի, Լիբանանի, Իրաքի, Եգիպտոսի, Սիրիայի և Եմենի թշնամին է։ Նա միասնության կոչ է արել: Իրանի գերագույն առաջնորդը շեշտել է, որ Իսրայելի դեմ իրանական գործողությունները լեգիտիմ են և նվազագույն պատիժն են Իսրայելի հանցագործությունների համար:
«Թշնամուն դիմակայելու հարցում պաղեստինի ժողովրդին օգնելը ևս օրինական է», - հավելել է Խամենեին:
Նա դատապարտել է ԱՄՆ-ին և այլ երկրներին Իսրայելին աջակցելու համար:
«Տարածաշրջանում պատերազմի, անկայունության և հետընթացի հիմնական պատճառը «սիոնիստական ռեժիմի գոյությունն» է, ինչպես նաև արտաքին միջամտությունը», - համոզմունք է հայտնել Խամենեին։
«Մենք չենք հապաղում և չենք շտապում մեր պարտականությունները կատարելու հարցում: Քաղաքական և ռազմական խելամիտ որոշումները կկայացվեն ճիշտ ժամանակին, անհրաժեշտության դեպքում՝ կկրկնվեն ապագայում», - նախազգուշացրել է Իրանի գերագույն առաջնորդը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից էլ հայտարարել են՝ եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, այդ երկրի նավթավերամշակման գործարանները և գազի հանքավայրերը կհայտնվեն թիրախում:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։