Իսրայելը շարունակել է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին: Թիրախում են եղել հարավային բնակավայրերը, ինչպես նաև Բեյրութի արվարձանները և կենտրոնական հատվածները:
ՑԱՀԱԼ-ից տեղեկացնում են, որ նախքան «Հըզբոլլահի» օբյեկտներին հարվածելը՝ տասնյակ բնակավայրերի բնակիչների կոչ են արել լքել իրենց տները: Իսրայելական կողմը տեղեկացրել է «Հըզբոլլահի» հրթիռային ծրագրի ղեկավարի, ինչպես նաև Արևմտյան ափին ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկի ոչնչացման մասին:
ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ «Հըզբոլլահն» էլ 200-ից ավելի արկ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Շարժման տվյալով՝ թիրախավորվել է Հայֆայի ծոցում գտնվող ռազմարդյունաբերության համար նախատեսված Իսրայելի բազան:
Իսրայելն արձագանքել է, նշել, որ «Երկաթե գմբեթ» պաշտպանական համակարգի միջոցով բազմաթիվ հրթիռներ են որսացել: «Հըզբոլլահը» տեղեկացրել է նաև, որ հաջողվել է հետ մղել իսրայելական զորքի ցամաքային որոշ գործողություններ:
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով՝ վերջին ժամերին երկրում 40 մարդ է զոհվել, 150-ից ավելին վիրավորվել: Հայտնի է, որ Արևմտյան ափին էլ փախստականների ճամբար է հրթիռակոծվել, կան տասնյակ զոհեր և վիրավորներ:
Սիրիական կողմի տվյալով էլ՝ իսրայելական ուժերը հարվածել են Լիբանան-Սիրիա սահմանային անցակետին, ինչի պատճառով Բեյրութ-Դամասկոս միջազգային մայրուղին այժմ շահագործման ենթակա չէ: