Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին լրագրողներին հայտնել է երկրի կառավարության հետ հանդիպումները դադարեցնելու վերաբերյալ եվրոպական ինստիտուտների որոշման մասին, նրա խոսքով, ի պատասխան իշխող «Վրացական երազանք» կուսակցության հակաեվրոպական գործողությունների և հռետորաբանության:
«Այս տարվա հունիսին մենք ներքին քննարկում ունեցանք մեր անդամ պետությունների հետ այն մասին, թե ինչպիսին պետք է լինի մոտեցումը Վրաստանի իշխանությունների նկատմամբ, որոնք, մեր կարծիքով, անբարյացակամ են Եվրամիության նկատմամբ։ Բացի այդ, մենք քննարկեցինք, թե ինչպես պետք է մոտենանք հակաարևմտյան և հակաեվրոպական նարատիվներին, քարոզչությանը և դավադրության տեսություններին, և որոշեցինք բարձր մակարդակի որևէ շփում չունենալ Վրաստանի ներկայիս կառավարության հետ: Այդ իսկ պատճառով վերջին ամիսներին չեն եղել ո՛չ բարձր մակարդակի այցեր Վրաստան, ոչ էլ բարձր մակարդակի հանդիպումներ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ Բրյուսելում»,- հայտարարել է Հերչինսկին։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է աշխատել իշխանությունների հետ, որոնք պատրաստ են անդամակցել ԵՄ-ին:
«Եթե Վրաստանը դառնա միակուսակցական պետություն՝ երկիր, որտեղ արգելված է քաղաքական ընդդիմությունը, որտեղ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ստիպված կլինեն մեկնել արտերկիր՝ աշխատելու, եթե մարդու հիմնարար իրավունքները, էլ չեմ ասում՝ փոքրամասնությունների իրավունքների մասին, պաշտպանված չլինեն, Վրաստանը չի կարող դառնալ Եվրամիության անդամ ոչ այսօր, ոչ վաղը, ոչ մյուս օրը»,- ասել է դեսպանը։
Հերչինկին Վրաստանի քաղաքացիներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել առաջիկա ընտրություններին: