Մերձավոր Արևելքում զարգացումներին է անդրադարձել ԱՄՆ նախագահը: Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք Իրանի կողմից Իսրայելի հրթիռակոծությունից հետո Վաշինգտոնը կաջակցի՞ Իրանի նավթային օբյեկտներին Իսրայելի հնարավոր հարվածին՝ Ջո Բայդենը պատասխանել է՝ այդ հարցը քննարկվում է:
Սպիտակ տան ղեկավարը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը չի աջակցի Իրանի միջուկային օբյեկտներին իսրայելական հնարավոր հարվածներին: Բայդենը կոչ է արել Իսրայելին համաչափ գործել: Նախագահը հավելել է, որ Իրանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն:
Ջո Բայդենը նաև համոզմունք է հայտնել, որ Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմից խուսափել հնարավոր է, սակայն պետք է ավելի ակտիվ ջանքեր գործադրել: Հարցին՝ արդյոք նա ամերիկյան զորքեր կուղարկի Իսրայելին օգնելու համար, Սպիտակ տան ղեկավարը նշել է. «Մենք արդեն օգնել ենք Իսրայելին, պատրաստվում ենք պաշտպանել նրան»։