Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ջաբրայիլում ունեցած ելույթի ժամանակ կրկին անդրադարձել է Հայաստանի կողմից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերումներին և սպառնալիքներ հնչեցրել։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցմանը, մեկնաբանել է այս հայտարարությունները։
«Պաշտոնական Երևանն արդեն բազմիցս և ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի։ Պետք է ընդգծել, որ ՀՀ Սահմանադրական դատարանի վերջին որոշումը, որով Բարձր դատարանը ստուգեց և հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը և հերքեց բոլոր այն պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում իր որևէ հարևանի նկատմամբ։ Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է նաև, որ չնայած իր որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունի, որովհետև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության վերը հիշատակված կանոնակարգը տալիս է այդ խնդիրները խաղաղ, բանակցային ճանապարհով հասցեագրելու և լուծելու բոլոր հնարավորությունները։
Ինչ վերաբերում է սպառազինություններին, ՄԱԿ-ի կանոնադրությունը յուրաքանչյուր պետության ինքնապաշտպանության իրավունք է վերապահում։ Ավելին, միջազգային իրավունքը յուրաքանչյուր պետության իր քաղաքացիներին պաշտպանելու պարտավորությամբ է օժտում։ Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը և սեփական քաղաքացիների պաշտպանության պարտավորությունն իրացնելու նպատակով։ Սրան զուգահեռ՝ Ադրբեջանի հարձակողական զինատեսակներով սպառազինման ծավալներն անգամներով ավելին են, ինչի մասին հաճախ հայտարարում է Ադրբեջանի նախագահը։
Հիմա այս ամենի հաշվառումով հարց է ծագում. ինչո՞ւ է Ադրբեջանը Ձեր հարցի մեջ հիշատակված շեշտադրումներն անում։ Մի՞թե ագրեսիա է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը ստանալը կարևոր է, որովհետև դա կօգնի նաև գնահատել հնչող այն տեսակետները, թե Ադրբեջանը պատրաստվում է առաջիկայում Բաքվում կայանալիք COP29 համաժողովն օգտագործել որպես ծխածածկույթ Հայաստանի Հանրապետության դեմ նոր ռազմական ագրեսիա ծավալելու, և դրա քաղաքական պատասխանատվությունը COP29-ին մասնակցելու համար Բաքու մեկնած օտարերկրյա առաջնորդների միջև բաշխելու համար:
Պաշտոնական Բաքվի վերջին շրջանի հայտարարություններն առնվազն մի շարք կարևոր հարցեր ևս առաջացնում են և դրանցից ևս երկուսը ուզում եմ հնչեցնել.
ա) արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու պայմանավորվածություններից: Կրկին ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունն Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, այսինքն՝ Խորհրդային Հանրապետությունների վարչական սահմաններով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչելու՝ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը.
բ) արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության օրակարգից: Ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին, և պատրաստակամությունը ստորագրել Ադրբեջանի հետ արդեն իսկ համաձայնեցված խաղաղության բովանդակությունը որպես խաղաղության պայմանագիր, ինչի մասին ՀՀ վարչապետը հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում իր ունեցած ելույթում:
Կարծում ենք՝ ագրեսիվ հռետորաբանության փոխարեն պետք է կենտրոնանանք խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցը շուտափույթ լուծելու և մյուս հարցերի շուրջ ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե խաղաղության պայմաններում բանակցելու վրա»,- ասել է Բադալյանը։