ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 4-ին «ԴիջիԹեք էքսպո-2024»-ի շրջանակում մասնակցել է «Կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի ստեղծում» պանելային քննարկմանը:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը խոսել է ոլորտը կանոնակարգող օրենսդրության կարևորության մասին, նշել, որ օրենսդիրի նպատակն է օժանդակել Կառավարությանը՝ բնագավառի քաղաքականությունն առավել արդյունավետ և կիրառելի դարձնելու համար:
ԱԺ փոխնախագահն էկոհամակարգի զարգացման համատեքստում անդրադարձել է նաև սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործմանն ու կարևորել համատեղ աշխատանքը: Բնագավառի կայուն զարգացման հարցում Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել կրթության և գիտության ուղղությամբ կատարվող ներդրումները:
Անդրադարձ է եղել ՀՀ վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի աշխատանքների կարևորությանը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է այդ աշխատանքներում հայտնի գիտնականների, ձեռներեցների, պետական պաշտոնյաների և սփյուռքի ներուժի ներգրավումը: Այս համատեքստում ներկայացվել է խորհրդի գործադիր կոմիտեի կատարած աշխատանքը:
Պանելային քննարկման բանախոսները պատասխանել են մասնակիցների հարցերին, անդրադարձել Հայաստանում կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի աջակցմանն ուղղված նոր նախաձեռնություններին, խոսել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներից, ոլորտում մեր երկրի ունեցած ձեռքբերումներից ու մարտահրավերներից: Ընդգծվել է, որ Հայաստանում կայուն էկոհամակարգի ձևավորումն առաջնահերթություն է:
Նշենք, որ Հայաստանում հոկտեմբերի 4-6-ն անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ «ԴիջիԹեքը»: Հանրությունը հնարավորություն ունի մեկ հարթակում տեսնելու և ծանոթանալու տեխնոլոգիական ընկերություններին ու վերջիններիս զարգացումներին: «ԴիջիԹեքին» ներկայացված են մի շարք հայտնի և առաջին անգամ ներկայացող նոր տեխնոլոգիական ընկերություններ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներից: