Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Գլոբալ անապահովությունից դեպի ընդհանուր անվտանգություն» 14-րդ միջազգային համաժողովին, որի ընթացքում հանդես է եկել ողջույնի խոսքով:
ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի դրույթների իրականացմանն ուղղված գործընթացի կարևորությունը՝ որպես խաղաղության և անվտանգության հարցերում կանանց ձայնը լսելի դարձնելու կարևոր գործիք: ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ 1325 օրակարգի հիմքում ընկած են Հայաստանի առաջնահերթությունները՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը և անվտանգության ապահովումը:
Պարույր Հովհաննիսյանը տեղեկացրել է նաև, որ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ ներկայումս մշակվում է ՄԱԿ-ի ԱԽ 1325 ԳԱԾ երրորդ ծրագիրը, ինչը վերահաստատում է Հայաստանի քաղաքական կամքը և վճռականությունը՝ ապահովելու «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգի առաջմղումը: