ՀՀ քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վիգեն Մեսրոպյանը ստանձնել է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:
Հոկտեմբերի 4-ին Արգիշտի Քյարամյանը հանդիպել է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վիգեն Մեսրոպյանի և ՊՈԱԿ-ի ղեկավար անձնակազմի հետ։
Նշանակման կապակցությամբ շնորհավորելով Վիգեն Մեսրոպյանին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նախ շնորհակալություն է հայտնել նրան ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում պետությանը մատուցած ծառայության, պրոֆեսիոնալությամբ և տասնամյակների փորձառությամբ քննչական համակարգի հարաճուն կենսագործունեությանը նպաստելու համար։
Կոմիտեի ղեկավարը վստահություն է հայտնել, որ նոր պաշտոնն ստանձնելով ևս պարոն Մեսրոպյանը նույնպիսի նախանձախնդրությամբ ձեռնամուխ կլինի ընդամենը ամիսներ առաջ ՀՀ ՔԿ-ում ստեղծված փորձաքրեագիտական կենտրոնի հզորացմանն ուղղված
նախաձեռնություններին։
Կոմիտեի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա Լորիկ Սաֆարյանին՝ հատկապես ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետի պաշտոնում մեկ տասնամյակից ավելի նվիրված աշխատանքի համար և ուրախությամբ ընդգծել այդ վարչության հենքի վրա ստեղծված ՊՈԱԿ-ում գործունեությունը շարունակելու և նոր տնօրենին անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերելու նրա պատրաստակամության համար։
ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վիգեն Մեսրոպյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ փորձաքննությունների որակով և ժամանակին իրականացումը անկյունաքարային նշանակություն ունի հանցագործությունների բացահայտման, քրեական վարույթների ելքի համար, և համընդհանուր ջանքերն ուղղվելու են դրա համար ՊՈԱԿ-ում անհրաժեշտ պայմանների բարելավմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխնոլոգիական հագեցվածության մակարդակի բարձրացման, մասնագիտական ռեսուրսների զարգացման խնդիրները, հնարավորություններն ու հեռանկարները։
Երկարամյա արդյունավետ պաշտոնավարման, ինչպես նաև պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վիգեն Մեսրոպյանն Արգիշտի Քյարամյանի կողմից պարգևատրվել է «Անձնվիրություն և անվեհերություն» մեդալով: