Ռուսաստանը բոլոր օտար երկրների շարքում Ֆրանսիայի համար գլխավոր սպառնալիքն է։ Այդպիսի հայտարարություն է արել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկոռնյուն Le Point ամսագրի հետ հարցազրույցում։
Նրա կարծիքով՝ Ռուսաստանը փոխել է իր ռազմավարությունը ուկրաինական հակամարտության ֆոնին: Ըստ Լեկոռնյուի՝ Ռուսաստանը հակադրվում է ֆրանսիական շահերին Աֆրիկայում, ինչպես նաև տեղեկատվական պատերազմ է մղում, ռազմականացնում է նոր տարածքներ, ինչպիսիք են ծովի հատակը կամ կիբեռտարածությունը:
Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը Ռուսաստանին մեղադրել է ֆրանսիական զինված ուժերի նկատմամբ «ագրեսիվ պահվածքի» համար, այդ թվում՝ Սև ծովի ջրային տարածքում և ֆրանսիական սահմանների մոտ։
Ֆրանսիան աջակցել է Ուկրաինային ռուսական ռազմական գործողության սկզբից, այդ թվում՝ զենք մատակարարելով և ֆինանսական օգնություն տրամադրելով։ Մոսկվան դատապարտել է Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը և հայտարարել, որ այդ կերպ արևմտյան երկրները դառնում են հակամարտության մասնակից։