ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այդ պաշտոնում առաջին՝ չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա՝ հաղորդում է Associated Press-ը:
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ արևմտյան երկրները կարող են խոցել Ուկրաինա թռչող ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերն այնպես, ինչպես նրանք հետ մղեցին վերջերս Իսրայելին ուղղված իրանական հարվածը:
Ուկրաինան նախկինում կոչ էր արել հարևան պետություններին, մասնավորապես՝ Լեհաստանին ու Ռումինիային, խոցել ռուսական հրթիռներն ու անօդաչու սարքերը, եթե դրանք մտնեն իրենց օդային տարածք։
Լրագրողների այն հարցին, թե ՆԱՏՕ-ի երկրները կարո՞ղ են խոցել իրենց օդային տարածքը խախտող ռուսական հրթիռներն ու դրոնները, Ռյուտեն պատասխանել է, որ այդ հարցը պետք է որոշեն դաշինքի առանձին երկրները։ «ՆԱՏՕ-ն արդեն զգալիորեն ուժեղացրել է իր հակաօդային պաշտպանության ուժերն արևելյան թևում»,- ասել է գլխավոր քարտուղարն ու հավելել, որ Ուկրաինան այժմ ՆԱՏՕ-ին մոտ է, քան երբևէ։