Իսրայելի իշխանությունները հավաստիացրել են ԱՄՆ-ին, որ անհրաժեշտ չեն համարում անհապաղ հարձակվել Իրանի վրա՝ ի պատասխան նրա հրթիռային հարվածի՝ գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
Ըստ նրանց՝ իսրայելցի պաշտոնյաները մասնավոր կերպով իրենց ասել են, որ հրեական պետությունն Իրանին անհապաղ կամ լայնածավալ հարվածներ հասցնելու անհրաժեշտություն չի տեսնում: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը և ԵՄ-ն վախենում են, որ Իսրայելը կարող է հարվածել Իրանի տնտեսական թիրախներին, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանում էսկալացիայի աճի, քանի որ Թեհրանը վաղուց հասկացրել է, որ նավթի ու գազի ոլորտի օբյեկտների վրա հարձակումը նրա համար «կարմիր գիծ» է՝ նշում է WP-ն։
Պարբերականի տվյալով՝ Վաշինգտոնը համոզում է իսրայելական իշխանություններին հավասարակշռված պատասխան տալ, սակայն Եվրոպայում մտահոգված են, որ ԱՄՆ-ը կարող է բավարար ճնշում չգործադրել Իսրայելի վրա: «Իրավիճակի մեր պատկերացումն այն է, որ Միացյալ Նահանգները չի կարողանում զսպել Իսրայելին»,- ասել է Washington Post-ի զրուցակիցը: Միևնույն ժամանակ ամերիկյան վարչակազմը պարզաբանում է, որ թեև Իսրայելի իշխանությունները մտադիր են զուսպ գործել Իրանի նկատմամբ, որոշումների ընդունման գործընթացին կարող են միջամտել ներքաղաքական գործոնները: