Իսրայելը շարունակում է իր հարձակումը երկու ճակատում՝ ցամաքային ներխուժում Լիբանան՝ ընդդեմ «Հըզբոլլահի», որի հետևանքով զոհվել է ութ իսրայելցի զինվորական, և հարվածներ Գազայի հատվածին, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ: Նախօրեին Իսրայելը խոստացել էր պատասխանել Իրանի հրթիռային հարվածներին, և տարածաշրջանը պատրաստվում է հետագա էսկալացիայի՝ հայտնում է Associated Press-ը:
Իրանը, որն աջակցում է և՛ «Հըզբոլլահին», և՛ ՀԱՄԱՍ-ի զինյալներին, որոնք ղեկավարում են Գազայի հատվածը, երեքշաբթի գիշերը տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչը ևս մեկ անգամ սրել է իրադրությունը՝ Մերձավոր Արևելքը մոտեցնելով տարածաշրջանային պատերազմին: Իսրայելը նախազգուշացրել է, որ հարձակումը «հետևանքներ» կունենա՝ գրում է լրատվական գործակալությունը։
Չորեքշաբթի ուշ երեկոյան իսրայելական օդուժն ավիահարված է հասցրել Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնի մոտ գտնվող բնակելի շենքին, որն այս շաբաթ երկրորդ հարվածն է Բեյրութի կենտրոնին: Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է վեց մարդ, յոթը վիրավորվել է: