Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հոկտեմբերի 2-ին Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանը հայտարարել է Եվրամիության հետ հարաբերությունների «նոր մեկնարկի» մասին։ Սթարմերը նշել է, որ բրիտանական հասարակությունը ցանկանում է վերադառնալ «խելամիտ առաջնորդության» իր անմիջական հարևանների հետ հարաբերություններում, որպեսզի «Բրեքսիթը գործի և համապատասխանի իրենց շահերին»,- գրում է AFP լրատվականը:
Ինչպես և սպասվում էր, Սթարմերը որպես համագործակցության հնարավոր ոլորտներ է նշել տնտեսական աճը, էներգետիկ անվտանգությունը և անօրինական միգրացիան:
Միաժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավումը չի ենթադրում սահմանների բացում և վերադարձ միասնական շուկա։ Ֆոն դեր Լայենն էլ ասել է, որ Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան պետք է «ուսումնասիրեն ավելի սերտ համագործակցության հնարավորությունները»՝ միաժամանակ կենտրոնանալով գործող համաձայնագրերի «լիարժեք և բարեխիղճ իրականացման» վրա:
2016 թվականին Քիր Սթարմերը դեմ էր արտահայտվել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն։ Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում գործող վարչապետը երկար ժամանակ չէր մեկնաբանում Brexit-ի որոշումը չեղարկելու հնարավորությունը, սակայն ի վերջո բացառել է Լոնդոնի վերադարձը Եվրամիություն։