Իրավապաշտպանները Ֆրանսիայի կառավարությանը կոչ են արել ապահովել Ֆրանսիայում միջազգային պաշտպանություն փնտրող անձանց անվտանգությունը: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր հայտարարությունում նշել է ադրբեջանցի այլախոհների սպանությունների մասին՝ գրում է France 24-ը:
Վիդադի Իսկենդերլին, որն ապաստան էր ստացել Ֆրանսիայում, խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին նախագահ Իլհամ Ալիևի օրոք և վարել բլոգ: Կիրակի երեք դիմակավորված անձ հարձակվել է 62-ամյա տղամարդու վրա, որն այդ պահին քնած է եղել Մյուլուզ քաղաքի իր բնակարանում, և դանակահարել: Ավելի ուշ նա մահացել է ստացած վնասվածքներից՝ հայտնում է տարածաշրջանային դատախազությունը:
«Վիդադի Իսկենդերլիի բռնի մահը պետք է արդյունավետ և օպերատիվ հետաքննվի: Մենք Ֆրանսիայի իշխանություններին կոչ ենք անում դիտարկել նրա սպանության բոլոր հնարավոր դրդապատճառները, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի և կառավարության հասցեին այլախոհի քննադատությունը, որն էլ նրա վտարման պատճառ է դարձել»,- ասված է Հարավային Կովկասի հարցերով Amnesty-ի հետազոտող Նատալյա Նոզաձեի հայտարարության մեջ:
Սա վերջին տարիներին արդեն երկրորդ դեպքն է, երբ Ֆրանսիայում բնակվող վտարանդի ադրբեջանցին դանակով հարձակման զոհ է դառնում:
Իրավապաշտպաններն ակնկալում են, որ առաջիկա շաբաթներին Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի նկատմամբ միջազգային հանրությունն ավելի մեծ ուշադրություն կցուցաբերի: Նոյեմբերին գազով հարուստ այդ պետությունում տեղի կունենա ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP29 համաժողովը:
Ալիևը, որի կինը՝ Մեհրիբան Ալիևան, երկրի փոխնախագահն է, պարբերաբար արժանանում է իրավապաշտպան կազմակերպությունների մեղադրանքներին՝ նախկին Խորհրդային հանրապետությունում մարդու իրավունքների ոտնահարման համար:
«Ալիևի ռեժիմի հակառակորդները հարձակման են ենթարկվում Ֆրանսիայում, այսօր նրանցից մեկը մահացել է: Ամոթ է Բաքվում COP29 անցկացնելը»,- X-ի իր բլոգում գրել Է ֆրանսիացի կենտրոնամետ եվրապատգամավոր Նատալի Լուազոն՝ Եվրոպայի հարցերով նախկին նախարարը:
Ադրբեջանցի ակտիվիստները նաև կոչ են արել լիարժեք հետաքննություն անցկացնել Եվրոպայում Ալիևի դեմ պայքարող ակտիվիստների մահվան մյուս դեպքերի վերաբերյալ։ Նրանք մահացել են 2021 թվականին, մեկը՝ Ստամբուլում, մյուսը՝ Թբիլիսիում: