Մահացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, նույն վայրից:
Արեգ Լուսինյանը մեծակտավ, կամերային-գործիքային, վոկալ երկերի, ինչպես նաև մանուկների ու պատանիների համար գրված բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է։ Հրատարակված 76 հեղինակային և շուրջ 200 ժողովածուներում հազարի հասնող ստեղծագործությունների հեղինակ է։
Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում ներառված են նրա 300 ստեղծագործությունների ձայնագրությունները։ Կան ձայնագրություններ նաև այլ երկրների ռադիոֆոնդերում։ Կոմպոզիտորի ստեղծագործություններից մի քանիսը զետեղված են նաև խորհրդային «Մելոդիա» ֆիրմայի թողարկած ձայներիզներում։
Կոմպոզիտորի բազմաթիվ ստեղծագործություններ արժանացել են համամիութենական և հանրապետական տարբեր մրցանակների ու խրախուսական պարգևների։
Արեգ Լուսինյանը երաժշտական մի շարք դասագրքերի, ձեռնարկների ու ժողովածուների համահեղինակ և հեղինակ է։