Կառավարությունը սահմանել է ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից կինեմատոգրաֆիայի ազգային մարմին ներկայացնելու կարգը:
Ըստ հիմնավորման՝ ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում կարգավորված չեն հայկական ֆիլմերի հեռուստատեսային և կինոթատրոնային ցուցադրումները, ինչը խոչընդոտում է կինոոլորտի տնտեսվարմանն ու եկամուտների գեներացմանը, գործունեության թափանցիկության ապահովմանը՝ ոլորտի շահառու կազմակերպությունների և անձանց համար, վարձույթի շուկայի համակարգմանը, որն իր հերթին չեզոքացնում է հայկական ֆիլմերի կինովարձույթի արդյունքների հաշվառումը, ֆիլմերի վարկանիշների նշագրումը՝ միաժամանակ նպաստելով ֆիլմերի տարածման կամայական իրավակարգավորումներին և ստվերային շուկայական հարաբերությունների աճին:
Ֆիլմարտադրությունը փոխկապակցված է շուկայի պահանջարկի հետ, սակայն ֆիլմերի ցուցադրությունների վերահսկման, եկամուտների, հանդիսատեսի քանակի, վաճառված տոմսերի, ֆիլմի պատճենների քանակի մասին տեղեկատվական համակարգի բացակայության պատճառով շուկան անկառավարելի է և չի նպաստում սպառողի շահերին: Կինոցուցադրման բնագավառում չի վերահսկվում կինոթատրոնների տոմսային համակարգը, որում առկա տեղեկությունը անհամատեղելի է իրականության հետ:
Տվյալ համակարգը թույլ է տալիս չունենալով միասնական տոմսային համակարգ առանց վաճառք իրականացնելու ստանալ տոմսերի վաճառքի վերաբերյալ տվյալներ կինոթատրոնների գործող տոմսային համակարգից: Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թ. հունվարի 1-ից, քանի որ նշված տվյալների մուտքագրման նպատակով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգը ստեղծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է սահմանել տվյալ համակարգի տեխնիկական չափորոշիչները, այնուհետև հայտարարել մրցույթ, ինչպես նաև համակարգի ստեղծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսել 2026 թ.-ի միջնաժամկետ ծախսային ծրագրերում:
Միասնական տեղեկատվական համակարգի ներդրման նպատակն է շուկայի պահանջարկի և տնտեսական արդյունավետության վերլուծությունը, ոլորտում շահագրգիռ կազմակերպությունների և սպառողների համար գործունեության թափանցիկության ապահովումը, բիզնես գործընթացների թվայնացումը, որը կնպաստի պետություն-մասնավոր փոխգործակցությանը, կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականության մշակման և իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության հասանելիության ապահովումը, ազգային ֆիլմերի ցուցադրման արդյունքային ցուցանիշների հավաքագրումը, և դրանց համար փոխշահավետ և բարենպաստ պայմանների ապահովումը: Համակարգի կիրառումը պետք է լինի պարտադիր բոլոր տեսակի ցուցադրությունների համար՝ հիմնվելով վարձութային վկայականի տվյալների վրա: