Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է հստակեցնել պետական գույքի մասնավորեցման և օտարման պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման և հսկման գործընթացը։ Արդյունքում հնարավորություն կստեղծվի բարձրացնել պետական գույքի մասնավորեցման, օտարման գործարքներով սահմանված պայմանագրային պարտավորությունների կատարման մակարդակը, ինչպես նաև կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ պետական գույքի մասնավորեցման, օտարման գործընթացի վերջնական արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Ըստ այդմ՝ առավել մեծ թվով ներդրումներ ներգրավելու և կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների նկատմամբ հսկողության առավել արդյունավետ մեխանիզմներ ներդնելու ու կամայականությունների բացառման նպատակով նախատեսվում է սահմանել դրույթ՝ համաձայն որի Կառավարությանը կտրվի լիազորություն համապատասխան հիմնավորման դեպքում գույքի գրավը փոխարինել բանկային երաշխիքով։
Կառավարությունը բավարարել է «Վի Ընդ Վի Տրանս» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող տրանսպորտային միջոցներով նախատեսում է իրականացնել միջազգային բեռնափոխադրումներ՝ հիմնական միջոցների ձեռքբերման համար իրականացնելով 174․9 մլն դրամի ներդրում։ Ներկայումս առկա է 11 աշխատատեղ՝ 274 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2025 թ. ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել՝ մինչև 20-ի 380 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 174․9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 17․4 մլն դրամ։
Կառավարության մեկ այլ որոշմամբ խմելու ջրի համակարգեր կկառուցվեն Արդվի և Մղարթ բնակավայրերում, կհիմնանորոգվի Վաղատուր բնակավայրի խմելու ջրի աղբյուրակապը և կկառուցվի 150 մ3 ՕԿՋ-ի և քլորակայանը, հնարավորինս սեղմ ժամկետում կվերակառուցվի «Արզնի 2 – Երևան» ջրատարի վթարային հատվածը։