Կառավարության հավանությանն է արժանացել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Հիմնավորման համաձայն՝ ներկա պահին օրենքով կենսաթոշակային ֆոնդերի համար սահմանված որոշ ներդրումային սահմանաչափեր բացասական ազդեցություն են թողնում ֆոնդերի կառավարման արդյունավետության վրա: Մասնավորապես, բաժնային արժեթղթերում ներդրումների փոքր սահմանաչափը (պահպանողական ֆոնդերի համար՝ 25 տոկոս) հնարավորություն չի տալիս ֆոնդերին օգտվել բաժնային արժեթղթերի՝ երկարաժամկետում բարձր և կայուն եկամտաբերություն ապահովելու հնարավորությունից և իրականացնել մարտավարական կառավարում՝ բարենպաստ իրավիճակներում մեծացնելով բաժնային արժեթղթերում ներդրումների կշիռը՝ լրացուցիչ եկամտաբերություն ստանալու նպատակով:
Օրինագծով նախատեսվում է ֆոնդերի ներդրումների որոշ սահմանափակումների մեղմացում, որի արդյունքում կընդլայնվեն ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումների և եկամուտների ստացման հնարավորությունները:
Բացի դրանից՝ հնարավորություն կստեղծվի հանրության խնայողությունները լիարժեք կերպով ուղղելու տնտեսության իրական հատվածի ֆինանսավորմանը: Ֆոնդերը կկարողանան որակյալ ներդրումային հնարավորությունների դեպքում ավելացնել բաժնային արժեթղթերում ներդրումների կշիռը, մասնակցել տարբեր նախագծերի ֆինանսավորմանը (միջազգային կազմակերպությունների և այլ հեղինակավոր գործընկերների հետ), որը լրացուցիչ դիվերսիֆիկացիա կապահովի, ինչպես նաև դրական ազդեցություն կունենա ֆոնդերի եկամտաբերությունների և ռիսկերի ցուցանիշների վրա: Մասնավորապես, ՀՀ կենտրոնական բանկի հաշվարկների համաձայն՝ բաժնային արժեթղթերում ներդրումները մեծացնելու արդյունքում (25 տոկոսից 35 տոկոս) հնարավոր կլինի մեծացնել սպասվող միջին եկամտաբերությունը (օրինակ՝ 30 տարվա համար միջինում տարեկան հավելյալ 0.7 տոկոս): Այս ամենի արդյունքում հավանականությունը, որ ֆոնդերի ապահոված եկամտաբերությունը կլինի ավելի ցածր, քան գնաճն է, երկարաժամկետում էապես նվազում է:
Իրական հատվածում, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերում ուղղակի ներդրումների արդյունքում (10 տոկոսի չափով) հնարավոր կլինի ապահովել բարձր եկամտաբերություն՝ ավելի ցածր տատանողականությամբ (օրինակ՝ 30 տարվա համար միջինում տարեկան հավելյալ 0.43 տոկոս եկամտաբերությամբ և 0.2 տոկոսով պակաս տատանողականությամբ):
Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին այլ տեսակի ներդրումային ֆոնդեր կառավարելու հնարավորություն տալու դեպքում ֆոնդերի կառավարիչները կկարողանան կիրառել իրենց կարողությունները՝ ստեղծելով և կառավարելով տարբեր տեսակի ֆոնդեր, որոնց շնորհիվ կֆինանսավորվեն տնտեսության տարբեր ոլորտներ և ներդրումային նախագծեր՝ էական ներդրում ունենալով տնտեսության ֆինանսավորման այլընտրանքային գործիքների ստեղծման և զարգացման գործում:
Նախագծի ընդունման արդյունքում կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցները տեղեկատվություն կարող են ստանալ միայն էլեկտրոնային եղանակով, ինչի շնորհիվ մասնակիցների ռեեստրը վարողը հնարավորություն կունենա նվազեցնելու գործառնական ծախսերը: