Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Տաջիկստանի գլխավոր դատախազ Ռահմոն Յուսուֆ Ահմադզոդի գլխավորած պատվիրակությանը:
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Երևանում կայանալիք՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին:
Աննա Վարդապետյանը ողջունել է գործընկերոջը ՀՀ գլխավոր դատախազությունում և կարևորել երկկողմ հանդիպումը՝ ուղղված երկու երկրների դատախազությունների համար հետաքրքրություն ներկայացնող իրավական հարցերի քննարկմանը:
Տաջիկստանի գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին ջերմ ընդունելության համար և ընդգծել երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությունը զարգացնելու իր պատրաստակամությունը: Այս համատեքստում Ռահմոն Յուսուֆ Ահմադզոդի կողմից առաջարկվել է քննարկել փորձի փոխանակման նպատակով երկու երկրների դատախազությունների միջև իրավական համագործակցության փաստաթղթի ստորագրման հնարավորությունը:
Հիշեցնենք, որ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը վերջին անգամ Հայաստանի Հանրապետությունում անցկացվել է 2007 թվականին:
Համակարգող խորհրդի 34-րդ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակը ներառում է ԱՊՀ անդամ երկրներում հանցավորության վիճակը, հանցավորության դեմ պայքարում իրավական փոխգործակցությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ապահովումը և այլն։