Խաղաղության պայմանագրի այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, մենք կարծում ենք, որ առնվազն բավարար են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և մնացյալ հարցերի վերաբերյալ քննարկումները շարունակելու համար։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանի համար խնդիրը որն է, որ չեն ստորագրում, արդյոք ՀՀ Սահմանադրությո՞ւնն է՝ Վահան Կոստանյանը նշեց. «ՀՀ Սահմանադրությունը և սահմանադրական փոփոխությունները ոչ միայն մեր ներքին գործընթացներն են, այլև այն մտահոգությունները, որոնց մասին պաշտոնական Բաքուն բարձրաձայնում է: Ըստ էության, այդ մտահոգություններին արդեն իսկ պատասխան հնչել է, և դելիմիտացիայի գործընթացի կանոնակարգի հաստատման փուլում Սահմանադրական դատարանը տվել է նաև մեկնաբանություններ, որոնք ցույց են տալիս, որ Բաքվի կողմից բարձրաձայնվող մտահոգությունները որևէ աղերս չունեն իրականության հետ»։
Խոսելով խաղաղության պայմանագիր կնքելու ՀՀ պատրաստակամության մասին՝ նա ասաց. «ՀՀ կառավարությունը մշտապես պատրաստ է և անկեղծորեն ցանկանում է, որպեսզի հարևանների հետ հարաբերությունները կարգավորվեն։ Ցավոք սրտի, դա միայն ՀՀ-ից կախված չէ, բայց դա չի նշանակում, որ որևէ կետում մենք պիտի ընդհատենք կամ կասեցնենք բանակցությունները, և մենք շարունակում ենք դրականորեն ներգրավված մնալ այս գործընթացներում»։
Այսպես կոչված ադրբեջանցի փախստականների՝ Հայաստան վերադարձի մասին խաղաղության պայմանագրում կետ չկա՝ հայտնեց ԱԳ նախարարի տեղակալը։