2021-ի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանվել են հանցանքներ, որոնց կատարման համար անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա: Հոդվածի առաջին մասով նախատեսված են այն հանցանքները, որոնք ենթակա են քննության մասնավոր մեղադրանքի վարույթով: Դրանք 25-ն են, որոնցից յուրաքանչյուրի առաջին մասով որակման դեպքում՝ գույքային վնասի չափով պայմանավորված կամ արարքի ծանրացնող հանգամանքների բացակայությամբ պայմանավորված, վարույթը ենթակա է իրականացման ոչ թե հանրային մեղադրանքի կարգով, այլ առանց մինչդատական վարույթի՝ անմիջականորեն դատարանի կողմից մասնավոր մեղադրանքի վարույթով:
Ներկայումս այդ հանցանքների վերաբերյալ վարույթները չեն իրականացվում մասնավոր մեղադրանքի կարգով, քանի որ քրեական դատավարության օրենսգրքում առկա են անցումային դրույթներ, որոնց համաձայն՝ մասնավոր մեղադրանքով վարույթը կիրառվելու է այն իրականացնելու իրավասություն ունեցող դատարանների ստեղծումից կամ դատավորների նշանակումից հետո սկսած քրեական վարույթներով:
Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 3-ի նիստին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը՝ ներկայացնելով ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ որոշման նախագիծ, որն ուղղված է վերոնշյալ խնդրի լուծմանը:
«Ի տարբերություն հանրային կարգով իրականացվող քրեական հետապնդումների՝ մասնավոր մեղադրանքով վարույթը բաղկացած է լինելու միայն դատական փուլերից, հետևաբար մասնավոր կարգով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվում է, և քրեական վարույթը կարճվում է միայն դատարանում սահմանափակ նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
Մասնավոր մեղադրանքով վարույթը գործողության մեջ դնելու համար պետք է նշանակվեն այն իրականացնելու իրավասություն ունեցող դատավորներ, ինչը նշանակում է քրեական նշանակության դատավորների հաստիքների ավելացում»,- ասաց նա:
Ըստ նախարարի տեղակալի՝ որոշման կայացման հիմքում վիճակագրական տվյալներ կան, այն է՝ 2021-2023 թթ. վերոնշյալ հանցագործությունների կազմերով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քննվել է 1108 գործ, որոնցից 475-ը՝ Երևանի առաջին ատյանի քրեական դատարանի կողմից, 633-ը՝ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից:
«Նշեմ նաև որ 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել է նաև նշածս հոդվածով նախատեսված հանցագործություններով ՔԿ-ում նախաձեռնված վարույթների քանակը: Դրանք 12965-ն են, և ստացվում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանցակազմերով տարեկան նախաձեռնվել է 7408 վարույթ, իսկ 7634 վարույթի ընթացք դեռևս լուծված չէ:
Այս վիճակագրական տվյալների համադրությամբ ակնհայտ է դառնում, որ մինչդատական վարույթի ծանրաբեռնվածությունը տեղափոխվելու է դատական վարույթներ, ուստի առաջացել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվաքակազմը 8 դատավորով լրացնելու անհրաժեշտություն:
Այս լրացմամբ մենք փաստացի կգործարկենք 2021 թվականին ընդունված և 2022-ի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ գլուխը, որը մինչ օրս չի գործել, և կապահովվի դրանցով նախատեսված մասնավոր մեղադրանքով վարույթի հոդվածների կիրառությունը»,- ասաց նախարարի տեղակալը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ նախատեսվո՞ւմ է, թե ինչ պատասխանատվություն է կրելու հայցվորը չհիմնավորված հայցերի պարագայում, նախարարի տեղակալը տեղեկացրեց՝ հարցը լուծված է, հանիրավի մեղադրանք ներկայացնողը ևս պատասխանատվության կենթարկվի զրպարտության համար:
ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը արձագանքեց՝ որոշման նախագծի գործարկման արդյունքում այն գործերը, որոնք արժանի էլ չէին քննության, և չարժեր դրանց վրա ռեսուրս ծախսել, այս պրոցեսի կարգավորման համատեքստում դուրս կգան քրեաիրավական վարույթի ու անդրադարձի տեսանկյունից:
«Շատ կարևոր մի նախագիծ ենք ընդունում, որն իրականորեն շատ գործուն [կերպով] կթեթևացնի ՔԿ-ի վարույթը, և միևնույն ժամանակ չեմ կարծում, որ շատ մեծ ծանրաբեռնվածություն կառաջացնի դատարանի մեր գործընկերների համար»,- ասաց նա: