Forbes-ի տվյալով՝ սեպտեմբերին Ուկրաինան և ՌԴ-ն պատերազմի սկզբից ի վեր առաջնագծից հեռու գտնվող թիրախների ուղղությամբ իրականացրել են ամենաինտենսիվ գրոհները՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։
«Սեպտեմբերը պատերազմի առաջին ամիսն էր, երբ փոխադարձ հարձակումները երկու երկրների թիկունքի շրջանների վրա ոչ մի օր չդադարեցին»,- գրել է գործակալությունը՝ վերլուծելով Ուկրաինայի զինված ուժերի և ՌԴ ՊՆ հայտարարությունները։
Դատելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարություններից՝ սեպտեմբերին ռուսական շրջանների վրա (միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում) խոցվել է 886 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի զինված ուժերն էլ հայտարարել են, որ նույն ամսվա ընթացքում ՌԴ-ն Ուկրաինայի տարածքով 1331 Shahed տիպի հարվածային անօդաչու թռչող սարք է արձակել, ինչը շատ ավելին է, քան պատերազմի նախորդ ամիսներից որևէ մեկում, գրում է պարբերականը:
Ըստ պարբերականի՝ ռուսները սկսել են կիրառել «Շահեդ-136»-ի նոր տարբերակները, որոնք Ռուսաստանում կոչվում են «Գերան-2»: Դրանք դժվարխոցելի են, հագեցած են 4G մոդեմներով, կապ են հաստատում ուկրաինական բջջային ցանցի միջոցով, իսկ վերջերս «Շահեդը» հայտնաբերվել է Starlink կապի միջոցով, գրում է Forbes-ը։ Այդ դրոնները նաև սև, ենթադրաբար ռադիոկլանող ծածկույթ ունեն, որն անօդաչու թռչող սարքերն ավելի քիչ տեսանելի է դարձնում գիշերը: Բացի այդ, նման անօդաչուներն ավելի բարձր են թռչում՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը ստիպելով թանկարժեք հրթիռներ և ինքնաթիռներ օգտագործել անօդաչու սարքերը չեզոքացնելու համար։