Վրաստանում առաջին ոչ առևտրային կազմակերպությունները ներառվել են «օտարերկրյա գործակալների» հանրային ռեեստրում։ Այն սկսվել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրենքի ուժի մեջ մտնելուց երկու ամիս անց։
«Օտարերկրյա գործակալների» ռեեստրում առաջինն ընդգրկվել են հետևյալ ինը ՀԿ-ները՝ «Վրաստանի ուկրաինացիների երիտասարդական կազմակերպություն - Սվիտանոկ»-ը, «Վրաստանի ֆերմերների և գյուղատնտեսության աշխատողների արհմիությունը», «Քութաիսի երիտասարդության տունը», «Քրիստոնյաների միությունը», «Հրեական մշակութային և կրթական հիմնադրամը», «Աղջիկները՝ համաշխարհային առաջնորդներ», «Թբիլիսիի երիտասարդական տունը», «Ներառական պրակտիկան», «Նախաձեռնությունների, զարգացման և զբաղվածության ասոցիացիան»։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը պահանջում է Վրաստանի ԶԼՄ-ներին և հասարակական կազմակերպություններին, որոնք իրենց եկամտի ավելի քան 20 տոկոսը ստանում են արտերկրից, գրանցվեն կառավարության հանրային ռեեստրում՝ որպես «օտար տերության շահերը խրախուսող կազմակերպություններ»: Այս պահանջի տակ են ընկնում վրացական առցանց ԶԼՄ-ների և ՀԿ-ների մեծ մասը, որոնք հիմնականում աշխատում են արևմտյան հիմնադրամների հետ: Նրանցից շատերը հրաժարվել են գրանցվել՝ ի նշան օրենքի դեմ բողոքի: