Երեքշաբթի՝ հոկտեմբերի 1-ին, ԱՄՆ-ում CBS News հեռուստաալիքով հեռուստաբանավեճ է տեղի ունեցել ԱՄՆ փոխնախագահի երկու թեկնածուների՝ դեմոկրատ Թիմ Ուոլզի և հանրապետական Ջեյմս Դևիդ Վենսի միջև: Ի տարբերություն նախ Ջո Բայդենի, ապա՝ Քամալա Հարիսի հետ Դոնալդ Թրամփի բանավեճերի՝ երկու թեկնածուներն էլ զերծ են մնացել միմյանց դեմ անձնական հարձակումներից։
Բանավեճի թեմաներն ընդգրկել են Իրանի քաղաքականությունը, հղիության արհեստական ընդհատումը, միգրացիան և գլոբալ տաքացումը:
Ըստ փորձագետների՝ Վենսն ավելի վստահ է խոսել Թրամփի քարոզարշավի համար կարևոր հարցերի մասին՝ գնաճ, տնտեսություն և անօրինական ներգաղթ։
Ուոլզն էլ համոզիչ կերպով ներկայացրել է դեմոկրատների ուժեղ կողմերը՝ նրանց դիրքորոշումներն առողջապահության և հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ, ինչպես նաև խոսել է Թրամփի՝ 2020 թվականի ընտրության արդյունքները ընդունելուց հրաժարվելու մասին։
Վենսը հակադարձել է Ուոլզին՝ ասելով, որ Թրամփն իր նախագահության ընթացքում աշխարհը դարձրել է «կայուն և անվտանգ», քանի որ նա ստեղծեց զսպման արդյունավետ համակարգ, որում «մարդիկ վախենում էին անցնել սահմանը»։
Ըստ Թիմ Ուոլզի՝ Իրանն այսօր ավելի մոտ է միջուկային զենք ստեղծելուն, քանի որ Դոնալդ Թրամփը «պետության անվճռական ղեկավար» էր: Նա հիշեցրել է, որ Թրամփը դուրս է եկել Իրանի հետ միջուկային համաձայնագրից և դրանով իսկ, իր կարծիքով, նպաստել Թեհրանի առաջընթացին այս ոլորտում։
Միևնույն ժամանակ, բանավեճի ժամանակ կողմերը զերծ են մնացել միմյանց վրա հարձակվելուց՝ կենտրոնանալով մրցակից քաղաքական ճամբարների և նրանց առաջնորդների՝ Դոնալդ Թրամփի ու Քամալա Հարիսի ծրագրերի քննադատության վրա։
ԱՄՆ փոխնախագահների թեկնածուների միջև բանավեճերը հազվադեպ են որոշիչ նշանակություն ունենում ընտրությունների համար, նշում է Reuters-ը։ Այնուամենայնիվ, ներկա իրավիճակում, երբ Քամալա Հարիսը և Դոնալդ Թրամփն ունեն մոտավորապես նույն մակարդակի աջակցությունը, որոշիչ կարող են լինել փոխնախագահների հայտարարություններով պայմանավորված հասարակական կարծիքի նույնիսկ փոքր փոփոխությունները։