Եմենի հութի ապստամբները թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել Իսրայելի ռազմական օբյեկտներին, չորեքշաբթի ասել է շարժման խոսնակ, գեներալ Յահյա Սարին և հավելել, որ հրթիռները հաջողությամբ հասել են իրենց թիրախներին։ Հութիների խոսնակը նշել է, որ աջակցում է իրանական հարվածին Իսրայելին։ Նա նաև հայտնել է «Իսրայելի դեմ համատեղ ռազմական գործողություններին մասնակցելու իր պատրաստակամությունը»։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում շարունակում է լարված մնալ։ Իսրայելի ռազմաօդային ուժերը չորեքշաբթի կրկին հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային ծայրամասերին, հաղորդում է լիբանանյան LBCI հեռուստաալիքը։
Ըստ տեղեկությունների՝ հարվածը հասցվել է Ալ-Շուվեյֆաթ քաղաքի մերձակայքում, որը գտնվում է Բեյրութի միջազգային օդանավակայանից դեպի արևելք։ Զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։
Միևնույն ժամանակ, LBCI-ի աղբյուրները հայտնել են, որ «Հըզբոլլահի» էլիտար ստորաբաժանումը՝ «ալ-Հաջ Ռադվանի» ուժերը, դարանակալել են իսրայելական զորքերին, երբ վերջինները փորձել են ներթափանցել Օդայսե քաղաք: Մոտ տարածության վրա տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո իսրայելցի զինվորականները նահանջել են՝ տանելով իրենց վիրավորներին։