Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Համաշխարհային կարգ և ժողովրդավարություն. քարտեզ Հարավային Կովկասի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը։ ԱԳՆ-ն ներկայացրել է նախարար Միրզոյանի պատասխանները, մասնավորապես՝ անդրադարձը Մերձավոր Արևելքին: Հարցուպատասխանի այդ հատվածը ներկայացնում ենք ստորև:
Անջա Վեհլեռ-Շոկ - Քանի որ մեր զրույցը վերաբերելու է համաշխարհային կարգին, առաջարկում եմ անդրադառնալ ներկայիս ամենաթարմ զարգացումներին առնչվող թեմայի: Հայաստանին հարևան Իրանը երեկ երեկոյան հարյուրից ավելի հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Մտահոգվա՞ծ եք, որ տարածաշրջանային պատերազմ կարող է սկսվել, և և ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ Ձեր երկրի համար:
Արարատ Միրզոյան - Հարգելի՛ ներկաներ, ողջունում եմ բոլորին: Անչափ հաճելի է գտնվել այստեղ և ակնկալում եմ, որ հետաքրքիր քննարկում կունենաք: Առաջին հարցը բավականին բարդ ընտրեցիք, պետք է խոստովանեմ: Եթե հետևում եք ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակին, միտումներին և քաղաքականությանը Հարավային Կովկասում, ապա մենք Հայաստանում փորձում ենք հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն ապահովենք, սակայն տեսնում ենք, որ մեր՝ ավելի լայն հարևանությամբ գտնվող երկրները հրթիռային հարվածներ են հասցնում միմյանց: Իհարկե, դա մեզ մտահոգում է: Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել որևէ սրացում և միայն հուսով ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս արագ լուծում կստանա: