Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Համաշխարհային կարգ և ժողովրդավարություն. քարտեզ Հարավային Կովկասի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը։ ԱԳՆ-ն ներկայացրել է նախարար Միրզոյանի պատասխանները, որի շրջանակում անդրադարձ է եղել նաև անցած տարի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքով Հայաստանում նրանց պատշաճ ընդունմանն ուղղված ջանքերին։
Հարցուպատասխանի այդ հատվածը ներկայացնում ենք ստորև:
Անջա Վեհլեռ-Շոկ - Եկեք մի փոքր ավելի կենտրոնանանք Հարավային Կովկասի վրա: Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակասությունը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հիմքը, և մեկ տարուց քիչ առաջ, Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումից հետո ավելի քան 140.000 մարդ տեղահանվել և ապաստան է գտել Հայաստանում: Ինչպե՞ս է Հայաստանը կարողացել ընդունել մարդկանց այս զանգվածային հոսքը։
Արարատ Միրզոյան - Նախ՝ փախստականների՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության ընդունման մասով, դա Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունն էր, ինչը մեծ մարտահրավեր էր մեզ համար:
Իմ կարծիքով՝ աշխարհում ցանկացած կառավարության համար մեծ մարտահրավեր է 2-3 օրվա ընթացքում 140.000-ից ավելի փախստական ընդունելը: Մենք արել ենք հնարավորը, որպեսզի ապահովենք նրանց առաջնային անհրաժեշտության կարիքները՝ ապաստան, սնունդ և առաջնային այլ կարիքներ։ Իհարկե, մենք դիմել ենք միջազգային հանրության օգնությանը և բարձր ենք գնահատում ցուցաբերված աջակցությունը։
Հիմա, ես կասեի, որ հաջորդ փուլի ժամանակն է, որ պետք է ինչ-որ կերպ բավարարել միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները, և առաջին հերթին այստեղ ես խոսում եմ բնակարանային խնդրի մասին, բայց նաև զբաղվածության մասին, անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել: Մեր քաղաքականությունը հետևյալն է, որ եթե չկա հնարավորություն, որ այդ մարդիկ վերադառնան իրենց տները, ապա մեր քաղաքականությունն է ամեն ջանք գործադրել, որպեսզի նրանք ինտեգրվեն Հայաստանի Հանրապետության հասարակությանը, աշխատանք գտնեն, նոր տներ կառուցեն մեր երկրում ու մնան Հայաստանում: