Ժամանակ է անցել արդեն 4 տարի, և բնական է, որ այս 4 տարվա մեջ ես ժամանակ առ ժամանակ վերադառնում եմ իրադարձություններին 2020 թվականի և անընդհատ վերլուծում եմ. դրվագներ հավաքում եմ, քանդում եմ: Ինձ համար ես ունեմ իմ քաղաքական և անձնական եզրակացությունը որպես այդ իրադարձությունների էպիկենտրոնում եղած մարդ: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է, և այդ սցենարը չի գրվել Հայաստանում, բայց Հայաստանում գտնվող շատ մարդիկ այդ սցենարի մեջ են եղել, ընդ որում՝ իմանալով են դրա մեջ եղել և, այդ թվում, ցավոք սրտի՝ բարձրաստիճան զինվորականներ: Հիմա քրեական գործեր կան, քննություններ կան, հույս ունեմ՝ իրենց տրամաբանական ավարտին կհասնի: Մենք այսօր դատաիրավական համակարգում այնքան պրոբլեմներ ունենք: Ինձ պետք չէ որևէ քրեական գործի մասին նյութ, որպեսզի ես իմ հետևություններն անեմ, որովհետև ես այնքան ինֆորմացիա ունեմ այդ պատերազմի մասին, որ ամբողջ իրավապահ համակարգը իրար հետ վերցրած դրա կեսի ինֆորմացիան չունի: Իմ հետևությունն է՝ դա եղել է պատերազմ ՀՀ-ն որպես պետություն ոչնչացնելու համար»,- նշեց վարչապետը: