Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ընդառաջ դուրս եկավ երթով հեռուստաընկերություն եկած քաղաքացիներին։
«Մենք առաջարկում ենք ուղիղ եթեր, հարցազրույց։ Մեր առաջարկը հարցազրույցն է ուղիղ եթերում, եթե կա ուղերձ անելու ցանկություն, մենք կարող ենք տալ նաև հնարավորություն՝ այդ ընթացքում ուղերձ հնչեցնելու։ Սպասում ենք արձագանքի։ Մեր առաջարկը կառուցողական է։ Հանրային ՀԸ-ում այս պահին աշխատակիցներ չպետք է լինեին, բայց մենք սպասել ենք և կուզեմ արձագանքը լսել»,- ասաց նա։
Մովսիսյանը նշեց՝ Հանրային Հեռուստաընկերությունը 68 տարեկան կառույց է, որ ինստիտուցիոնալ է, մեր երկրի պատմության մի մասն է, նա խնդրեց, որ Հանրային ՀԸ-ին վերաբերվեն հարգանքով։ Արձագանքելով հնչած արտահայտությանը, թե Հանրայինը հյուր չի հրավիրում տարբեր ուժերի, Մովսիսյանը նշեց․
«Պարոն Դանիելյանը մեկ շաբաթ առաջ է հյուրընկալվել Հանրայինում, կարծում եմ՝ որևէ խնդիր չի եղել։ Ես կարծում եմ՝ մենք այս ընթացքում բազմիցս հրավիրել ենք տարբեր ներկայացուցիչների, այսօր էլ՝ անգամ այս ժամին, պատրաստ ենք հյուրընկալել ուղիղ եթերում»։