ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է «Ինժեներական քաղաք», որտեղ «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2024»-ի շրջանակում անցկացվող միջոցառումներին զուգընթաց տեղի է ունեցել ևս մեկ կարևոր իրադարձություն՝ Ինժեներական քաղաքի երկրորդ հատվածում բացվել է նոր ռեզիդենտ ընկերություն՝ Hylink Technologies-ն։ Այդ մասին Հայրապետյանը գրել է ֆեյսբուքյան էջում։
«Շրջել եմ նորաբաց ընկերությունով, ծանոթացել աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ։ Ընկերությունը մասնագիտացած է նորագույն հավելվածների, անվտանգության գործիքների (PKI, IPSEC, PKCS), ցանցային պրոտոկոլների (TCP/IP), իրական ժամանակում գործող ներկառուցված համակարգերի և անլար ու շարժական սարքերի հաղորդակցության համակարգերի մշակման մեջ։
Այցի ընթացքում շրջել եմ նաև Ինժենրական շաբաթվա 2-րդ օրվա ընթացքում բացված ցուցահանդեսում, ծանոթացել ներկայացված 17 ինժեներական ընկերությունների արտադրանքին ու ձեռքբերումներին։ Ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեությունը, անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր համագործակցությանը։
Պատրաստակամություն եմ հայտնել առանձին ձևաչափով հանդիպումներ ունենալ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունները, լսելու առաջ քաշված խնդիրները և աջակցելու դրանց լուծման գործընթացին: Ծանոթացել եմ նաև Ինժեներական քաղաքում իրականացվող կրթական ծրագրերին՝ «Բագրևանդ 21-ը», «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բակալավրիատի ծրագիրը, «Ավիատիեզերական սարքաշինություն» մագիստրոսական ծրագիրը, Ավագ դպրոցի աշակերտների համար նախատեսված ծրագիրը և «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագիրը»,- գրել է նա։