ՄԱԿ-ի վեհաժողովի շրջանակում բոլոր իմ ունեցած երկկողմ հանդիպումները համարում եմ դրական, բայց կարևոր է արձանագրել, որ հիմա մենք գործում ենք փոփոխվող աշխարհում, և շատ կարևոր է, որ ՀՀ-ն կարողանա արտաքին միջավայրում ձևավորել ընկալում և բովանդակություն, որը համապատասխանում է փոփոխվող աշխարհում բավարար չափով մրցունակ լինելու համար անհրաժեշտ չափանիշներին: Հենց դրանք են եղել հանդիպումների նպատակը, և այդ օրակարգով ենք շարժվել և ուղերձներ փոխանակել: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի խնդրանքին՝ ներկայացնելու ՄԱԿ-ի վեհաժողովի շրջանակում գրանցված արդունքները:
«Գլխավոր ասամբլեային զուգահեռ տեղի ունեցող քննարկումներում կարևորվեցին և ընդգծվեցին Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումները: Ես շատ կարևոր եմ համարում, որ ի հեճուկս բոլոր բարդությունների և դժվարությունների՝ ՀՀ-ն շարունակում է միջազգային հանրության շրջանում պահպանել և ամրապնդել ժողովրդավար և ժողովրդավարական բարեփոխումները հետևողականորեն շարունակող երկրի համարումը, և սա շատ կարևոր ձեռքբերում է, որ մենք հետագայում պետք է զարգացնենք, պետք է շարունակենք այդ տրամաբանությամբ առաջ գնալ»,- ասաց նա: