Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին:
Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություն՝ մեր երկրում պատասխանատու առաքելության իրականացման գործում։ «Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և փոխշահավետ համագործակցության վրա: Մենք բարձր ենք գնահատում նաև Էստոնիայի աջակցությունը թե ԵՄ մոնիթորինգային կարողությունների նախորդ՝ երկամսյա առաքելությանը, և թե Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման հարցում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։
Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Էստոնիան մշտապես աջակցում է տարածաշրջանում խաղաղության հասնելու օրակարգին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման և խորացման վերաբերյալ հարցեր:
Երկուստեք կարևորվել է երկրների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում առկա սերտ փոխգործակցությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կրթության և այլ ոլորտներում առկա համագործակցային մեծ ներուժի լիարժեք կյանքի կոչման հնարավորություններին և լավագույն փորձի փոխանակման կարևորությանը: