Մենք որդեգրել ենք ռազմավարություն և պետք է հետևողականորեն գնանք այդ ռազմավարությամբ: Ինչ է ասում Ադրբեջանը, ինչ չի ասում, չեմ ասում՝ դա պետք է չլսենք, բայց մյուս կողմից՝ չի նշանակում, որ մենք Ադրբեջանի ամեն ասածից մեր ռազմավարությունը պետք է փոխենք: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն դիտարկմանը, թե ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը չի տեսնում Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը ստորագրելու քաղաքական կամք:
«Ո՛չ, մեր ռազմավարությունները պետք է չփոխվեն, և մենք հետևողականորեն պետք է առաջ տանենք խաղաղության օրակարգը և պետք է մեզնից կախվածն անենք, որպեսզի այդ խաղաղության պայմանագիրը ստորագրվի:
Բովանդակության մասին էլ ասել եմ. այս իրավիճակում հեծանիվ հորինելու կարիք չկա, և այն, որ Ադրբեջանը նոր թեմաներ է բերում դաշտ, դա նշանակում է, որ այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելու, և մեր քաղաքական խնդիրն է փոխել ընդհանուր միջավայրը և մթնոլորտը, որպեսզի խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնա իրատեսական: Այսինքն՝ քանի դեռ տեղի չի ունեցել (խաղաղության պայմանագրի ստորագրումը- խմբ.), բոլորը կարող են ասել, որ դա անիրատեսական է:
Հիմա այդ բոլոր հայտարարությունների իմաստը, նպատակը ո՞րն է՝ մեզ շեղել մեր ռազմավարությունից: Մենք մեր ռազմավարությունից չենք շեղվելու՝ անկախ նրանից, թե այդ հայտարարությունները կհնչեն Հայաստանի ներսի՞ց, թե՞ Հայաստանից դուրս գտնվող ուժերի կողմից: Մենք այս ռազմավարությունն ենք իրականացնելու՝ միևնույն ժամանակ իրականացնելով բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականություն և տարածաշրջանային քաղաքականություն, որը լրացուցիչ կոմպոնենտ է մեր անվտանգության ապահովման համար»,- ասաց նա: