Ես չեմ ասել, որ ԼՂ-ը Հայաստանի վզին թոկ էր, ես ասել եմ՝ ԼՂ հարցը օգտագործվել է որպես թոկ ՀՀ վզին, և ընդ որում` նաև Հայաստանի ներսում, որովհետև շատ երկար տարիներ, երբ որ երկրում ամենատարբեր պրոցեսներ կային՝ սկսած կոռուպցիայից, շարունակած ամեն ինչով, ամեն ինչը բացատրվում էր ընտրությունների կեղծիքով, ամեն ինչ բացատրվում էր՝ դե, բանակ ենք պահում, Ղարաբաղ ենք պահում, էս ենք անում, հետո երևաց՝ ինչ է պահվել, ոնց է պահվել, ինչ տրամաբանության մեջ է պահվում: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին:
«ԼՂ հարցը չի՞ օգտագործվել որպես թոկ` այդ թվում այն երկրների և ուժերի կողմից, ում մենք համարել ենք կամ ուզում ենք համարել, որ պետք է երաշխիքներ տան, երաշխավորեն մեր անվտանգությունը: Մարդիկ իրենց անվտանգությունը չեն կարողանում երաշխավորեն, մեր անվտանգությունը ո՞նց պետք է երաշխավորեն:
Ամենակարևոր բանը, որ վերջին տարիներին Հայաստանի և Հայաստանի ժողովրդի համար արել եմ և անում եմ՝ մենք պետք է ճշմարտությունը իմանանք մեր պատմության մասին՝ և՛ հեռակա պատմության, մոտակա պատմության, և մենք պետք է կայսերական պատմության տրամաբանությունից դուրս գանք և ունենանք անկախ պետության պատմության տրամաբանություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: