Հայկական ավիացիայից տեղեկացնում են, որ տարածքային լարվածության ֆոնին, թռիչքային անվտանգությունն ապահովելու նպատակով Qatar Airways ավիաընկերությունն անժամկետ չեղարկել է իր բոլոր թռիչքները դեպի հետևյալ ուղղություններով՝
-
Հայաստան
-
Հորդանան
-
Իրան
-
Իրաք
-
Լիբանան
-
Ղազախստան
Հիշեցնենք՝ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսրայելին ուղղված հրթիռային հարվածների թիրախում միայն ռազմական օբյեկտներն են եղել։ Գերատեսչությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել վճռական միջոցներ ձեռնարկել՝ Իսրայելի կողմից «նոր սպառնալիքները» կանխելու համար և հայտարարել, որ անհրաժեշտության դեպքում Իրանը պատրաստ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ իր շահերի և ինքնիշխանության պաշտպանության համար։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կհրավիրի Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ. այն տեղի կունենա վաղը։
Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր Լիբանանում «Հյուսիսային նետեր» գործողության մեկնարկի մասին: Թել Ավիվը պնդում է, որ իրենց թիրախում «Հըզբոլլահի» ենթակառուցվածքներն ու օբյեկտներն են: «Հըզբոլլահը» իսրայելական հարվածներին պատասխանել է տասնյակ հրթիռներով:
Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում դաժան մարտերի մասին և տարածքի բնակիչներին կոչ արել խուսափել Լիտանի գետից հարավ ընկած հատվածներ այցելությունից։ ՑԱՀԱԼ-ի ներկայացուցիչը հրատապ զգուշացմամբ դիմել է Լիբանանի հարավի բնակիչներին, հայտնել՝ հարավային Լիբանանում դաժանագույն մարտեր են, որոնց ընթացքում «Հըզբոլլահի» տարրերն օգտվում են քաղաքացիական միջավայրից, օգտագործում քաղաքացիներին՝ իբրև կենդանի վահան իրենց հարձակումների ժամանակ։
Իրանի պնդմամբ էլ՝ Իսրայելի վրա իր ամենամեծ ռազմական հրթիռային հարձակումն ավարտել է՝ կանխելով հետագա սադրանքները: «Մեր գործողությունները կավարտվեն, քանի դեռ Իսրայելի ռեժիմը չի որոշել հետագա պատասխան գործողություններ հրահրել: Այս դեպքում, սակայն, մեր պատասխանն ավելի ուժեղ և հզոր կլինի»,- ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։