ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 2-ի՝ գիշերվա ժամը 2-ին, ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի մի շենքից կրակոցի ձայներ են լսվում:
«Ոստիկանության Կապանի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ շենքի բնակիչներից մեկն ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանել է տան անդամների հետ և իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանից կրակել բնակարանի առաստաղին, այնուհետև կրակոցներ է արձակել շենքի բակում:
Կապանի բաժնի համայնքային ոստիկանների, ՊՊԳՎ Կապանի պահպանության բաժնի ծառայողների և մարզի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում 40-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժին: Որսորդական հրացանը հայտնաբերվել և վերցվել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրության մեջ: