Ստրասբուրգում ընթանում է ԵԽԽՎ նստաշրջանը:
Այն պատգամավորները, որոնք հերթագրված են, սակայն հնարավորություն չեն ունենում ելույթ ունենալ ժամանակի սղության պատճառով, կարող են իրենց ելույթներն ուղարկել հրապարակման: Նման հնարավորությունից օգտվել է նաև ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:
Իր ելույթում պատգամավորը նշել է.
«Հարգելի՛ գործընկերներ,
Վերջերս ավելի ու ավելի հաճախ ենք բախվում ժողովրդավարության հետընթացին անդամ պետություններում և դրանից անդին: Ես կիսում եմ այն կարծիքը, որ քարոզչությունը, հատկապես որոշ պետությունների կողմից ֆինանսավորվող, էական վտանգ է ներկայացնում մեր ժողովրդավարական համակարգերի պատշաճ գործունեությանը:
Այս երևույթին մենք` հայերս, բախվում են ամեն օր: Մենք ականատես ենք լինում, թե ինչպես է երրորդ երկրների կողմից ֆինանսավորվող քարոզչությունը փորձում ներազդել մեր քաղաքականությունների վրա: The varieties of Democracies-ի կողմից վերջերս կատարված ուսումնասիրությունն ընդգծում է նման օտարերկրյա ֆինանսավորման էական ազդեցությունը մեր լրատվամիջոցների վրա: Այս տեսակի քարոզչությունը, որը հիմնված է ապատեղեկատվության վրա, մտահոգություններ է առաջացնում ազգային անվտանգության մակարդակում: Բնականաբար, այս ամենն ակտիվացրել է բանավեճերը խոսքի ազատության հնարավոր սահմանափակման շուրջ:
Այնուամենայնիվ, ուրախ եմ նշել, որ ժողովրդավարական արժեքներն ի վերջո հաղթեցին այս բանավեճում: Մենք եկել ենք այն հավաքական գիտակցման, որ վնասակար քարոզչության դեմ պայքարի համար ձեռնարկվող ցանկացած միջոց պետք է շարունակի պաշտպանել խոսքի ազատության հիմնարար իրավունքը, որը շարադրված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածում, պաշտպանում է տեղեկատվության ազատությունը: ԱԼԴԵ քաղաքական խմբի կողմից արված դիտարկումների համաձայն` ես լիովին աջակցում եմ այն կոնսենսուսը, որ սոցիալական դիմադրության բարձրացումն առանցքային գործոն է:
Անհրաժեշտ է խրախուսել մեր լրատվամիջոցներին, որպեսզի նրանք լինեն խոսքի ազատության պաշտպանության առաջնագծում: Վնասակար քարոզչությունը սահմաններ չի ճանաչում և, իսկապես, անդրազգային բնույթ է ստացել: Ուստի, ժողովրդավարական գործընթացները սահմանափակելու փոխարեն, մենք պետք է կենտրոնանանք դրանց աջակցության և ամրապնդման վրա:
Այդ նպատակով ես կցանկանայի ընդգծել մի քանի կարևոր քայլեր, որոնք մենք կարող ենք ձեռնարկել. նպաստել մեդիագրագիտությանը: Մենք պետք է աջակցենք կրթական նախաձեռնություններին, որոնք քաղաքացիներին զինում են տեղեկատվությամբ քննադատաբար վերլուծելու և լրատվամիջոցների կողմնակալությունը ճանաչելու գործիքներով: Խրախուսել թափանցիկությունը:
Կարևոր է, որ մենք պարտավորվենք կառավարության գործողությունների բաց հաղորդակցության և թափանցիկության որոշումների ու ֆինանսավորման հարցերում: Սա կօգնի ամրապնդել վստահությունը կառավարության և հասարակության միջև: Ամփոփելով` ակնհայտ է, որ թեև քարոզչությունը կարող է ուղղված լինել մեր ժողովրդավարական արժեքների ապակայունացմանը, մեր պատասխանը պետք է լինի հավասարակշռված, հիմնված խոսքի ազատության հարգանքի վրա և ուղղված մեր ժողովրդավարական հիմքերի ամրապնդմանը:
Միասին մենք կարող ենք բարձրացնել կայունությունը, որն անհրաժեշտ է ժողովրդավարությունը պաշտպանելու համար այս բարդ աշխարհում:
Շնորհակալություն»: