Իրանը հոկտեմբերի 1-ին Իսրայելի ուղղությամբ շուրջ 400 հրթիռ է արձակել։
1lurer.am-ը ներկայացնում է Իրան-Իսրայել զինված հակամարտության ժամանակագրությունը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանը սկսել է հարձակումն Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի և Ղոդս-ի ուժերի հրամանատարի մահվան։ Իսրայելի բանակը քաղաքացիներին կոչ է արել մնալ ապաստարաններում։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իսրայելը կբախվի կործանիչ հարձակումների, եթե արձագանքի Իրանի հարձակմանը։ Ավելի ուշ սկսվել է Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակման երկրորդ ալիք, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Իսրայելի բանակը հայտարարել է, որ Իրանի հարձակումը «հետևանքներ կունենա»․ իսրայելցի զինվորականները ծրագրեր ունեն։ Իսրայելի բանակի գլխավոր շտաբի ղեկավարը Իրանի հարձակումից հետո օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել Թել-Ավիվում, հայտնել են բանակից։
Իրանական հրթիռների առնվազն 80 տոկոսը Իսրայելին ուղղված հարվածների առաջին ալիքի ընթացքում խոցել է թիրախները, հաղորդել է «Ֆարս» գործակալությունը։ Իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի հարավ-արևմուտքում գտնվող Աշկելոն քաղաքի մոտակա գազային հարթակներին:
Իրանը դադարեցրել է ներքին և արտաքին թռիչքները՝ պայմանավորված Իսրայելի ուղղությամբ հարձակումներով, հայտնել է Թեհրանի օդանավակայանի ղեկավարը։
Իրանական Shafaqna գործակալությունը պնդում է, որ Իրանի հրթիռային հարձակման արդյունքում ոչնչացվել է իսրայելական 5-րդ սերնդի ավելի քան 20 F-35 կործանիչ։
Ամերիկացի զինվորականները Մերձավոր Արևելքում ներկայում Իսրայելը պաշտպանում են Իրանի հրթիռային հարձակումներից, տեղեկացրել են Պենտագոնից։
Իսրայելական Նևաթիմ ավիաբազան խոցվել է ԻՀՊԿ հրթիեային հարվածից, հաղորդոել է Թասնիմ գործակալությունը։ ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելին ուղղված հրթիռային հարվածն անվանել է «Հզոր ուղերձ»։
ԻՀՊԿ-ն առաջին անգամ հիպերձայնային հրթիռներ է օգտագործել Իսրայելի ուղղությամբ ավիահարվածների ընթացքում, հաղորդում է իրանական IRIB գործակալությունը։
Իրանական Fattah հիպերձայնային հրթիռները առաջին անգամ ոչնչացրել են իսրայելական հակահրթիռային պաշտպանության Arrow-2 և Arrow-3 համակարգերը, տեղեկացրել է իրանական IRIB հեռուստաալիքը։
Իսրայելի երեք ռազմաբազաներ, որոնք գտնվում են Թել-Ավիվի մերձակայքում, Իրանի հարձակման թիրախ են դարձել։
Իսրայելի բանակն առաջիկա գիշերվա ընթացքում «հզոր հարվածներ» կհասցնի ողջ Մերձավոր Արևելքի տարածքում գտնվող թիրախներին, հայտնել է իսրայելական 12-րդ հեռուստաալիքը:
Իրանն ԱՄՆ-ին չի զգուշացրել Իսրայելի վրա հարձակվելու ծրագրերի մասին։ ՄԱԿ-ում իրանական ներկայացուցչությունը հաղորդել է, որ «լուրջ նախազգուշացումն» արվել է ավելի ուշ։ Միացյալ Նահանգները հաստատել է, որ Թեհրանը Վաշինգտոնին նախապես չի տեղեկացրել Իսրայելի վրա հարձակում գործելու ծրագրերի մասին։
Իրանի նախագահը Իսրայելին հասցված հարվածը իրանական շահերի դեմ «ագրեսիվ գործողությունների» օրինական պատասխան է անվանել և հայտարարել, որ իր երկիրը պատերազմ չի փնտրում։
Իսրայելին Իրանի հասցրած հարվածը Թեհրանի համար ծանր հետևանքներ կունենա, հայտարարել են Սպիտակ տնից՝ հավելելով, որ օրինական հարցն է՝ արդյոք ԱՄՆ պատասխանը կսահմանափակվի պատժամիջոցներով։
Իրանի հրթիռային հարվածը վնաս չի հասցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի մարտունակությանը։ Իսրայելի բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ ինքնաթիռներն ու ՀՕՊ համակարգերն աշխատում են նախկին ռեժիմով։
Փեզեշքիանն Իսրայելին կոչ է արել Իրանի հետ չհակամարտել։ Նա նշել է․
«Իրանը պատերազմ չի փնտրում, այլ վճռականորեն դիմադրում է ցանկացած սպառնալիքի»։
Իսրայելը կորոշի՝ երբ պատասխանել Իրանին և կցուցադրի իր «զարմանալի հարձակողական հնարավորությունները»։ Նման հայտարարություն է արել Իսրայելի բանակի գլխավոր շտաբի հրամանատարը։
ՄԱԿ անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կհրավիրի Մերձավոր արևելքում իրավիճակի վերաբերյալ․ այն տեղի կունենա հոկտեմբերի 3-ին։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսրայելին ուղղված հրթիռային հարվածների թիրախում միայն ռազմական օբյեկտներն են եղել։ Գերատեսչությունը ՄԱԿ անվտանգության խորհրդին կոչ է արել վճռական միջոցներ ձեռնարկել՝ Իսրայելի կողմից «նոր սպառնալիքները» կանխելու համար։
Իսրայելն Իրանին նախազգուշացրել է, որ կպատասխանի ցանկացած հարձակման և ուղիղ հարվածներ կհասցնի իրանական միջուկային կամ նավթային օբյեկտներին, գրում է Wall Street Journal-ը։ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչն Իրանը կոչել է «ահաբեկիչ-պետություն», որն Իսրայելի վրա հարձակմամբ ցույց տվեց իր «իրական դեմքը»։ Նրա խոսքով՝ հարձակմանը իսրայելական պատասխանը ցավոտ է լինելու։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր հերթին հայտարարել է․
«Իրանը մեծ սխալ գործեց՝ հարձակվելով Իսրայելի վրա, և դրա համար պատասխան կտա»։
Իսրայելի դաշնակիցների հարձակման պարագայում Իրանը հարված կհասցնի Մերձավոր Արևելքում վերջիններիս բազաներին ու շահերին, հայտարարել է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը։