Հոկտեմբերի 1-ին Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշակույթի, գիտության, կրթության և մեդիայի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում «Երիտասարդության դերը ժողովրդավարության վերակենդանացման գործում» վերնագրով զեկույց է ներկայացրել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության, ինչպես նաև վերոնշյալ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը:
«Մեծարգո' նախագահ, հարգելի' գործընկերներ, հարգելի' հյուրեր, ինձ համար ե'ւ պատիվ, ե'ւ պատասխանատվություն է կանգնել ձեր առջև՝ անդրադառնալու ոչ միայն կարևոր, այլ նաև հրատապ մի խնդրի` ժողովրդավարությունների վերակենդանացման գործում երիտասարդության դերին: Երիտասարդները պարզապես մեր ազգերի ապագա առաջնորդները չեն, նրանք այսօր փոփոխությունների շարժիչ ուժն են:
Ամբողջ աշխարհում մենք տեսնում ենք երիտասարդների ակտիվությունը, որոնք միջոցներ են ձեռնարկում` լուծելու այնպիսի հրատապ գլոբալ խնդիրներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, մարդու իրավունքները և սոցիալական արդարությունը:
Նրանց էներգիան, խանդավառությունը և նորարարական ոգին փոխակերպում են մեզ շրջապատող աշխարհը: Այնուամենայնիվ, եթե մենք ցանկանում ենք հնարավորինս ճիշտ օգտագործել այս ներուժը, հարկավոր է երիտասարդներին ապահովել այն բոլոր գործիքներով, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական գործընթացին լիարժեք մասնակցելու համար:
Ռեյկյավիկում կայացած Եվրոպայի խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ 4-րդ գագաթնաժողովում ընդունած դիրքորոշման համաձայն` երիտասարդների խնդիրները պետք է հաշվի առնվեն խորհրդի բոլոր քննարկումներում:
Հաշվի առնելով այս հանգամանքը` 2024 թվականի հունիսի 26-ին խորհրդարանական վեհաժողովն ընդունեց 2553 բանաձևը` իր աշխատանքի շրջանակում երիտասարդության հեռանկարներն ամրապնդելու համար:
Այս բանաձևը նշանավորվեց անմիջական մասնակցության մեխանիզմների էական առաջընթացի ապահովմամբ` հնարավորություն տալով երիտասարդ եվրոպացիներին և այս վեհաժողովի անդամներին միասին քննարկել երիտասարդական քաղաքականությունը:
Ժողովրդավարությունն իրապես վերակենդանացնելու համար մենք պետք է աջակցենք երիտասարդների ներգրավմանն ընտրություններին մասնակցելու, որոշումների կայացման գործընթացների և երիտասարդական կազմակերպությունների համար ժողովրդավարական պայմանների ստեղծման միջոցով: Կարևոր է սերունդների միջև երկխոսության հնարավորություններ ընձեռել երիտասարդներին, ապահովել սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների լիարժեք հասանելիություն և պահպանել նրանց ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքում:
Սակայն եկեք մի բան հստակեցնենք. մենք չպետք է պարզապես աջակցենք այս գաղափարներին բառերով: Շատ հաճախ մենք տեսնում ենք, որ կառավարությունները ճանաչում են երիտասարդության խնդիրները, բայց իմաստալից գործողություններ չեն ձեռնարկում: Այս «բանավոր համաձայնությունը» քայքայում է վստահությունը, խորացնում հիասթափության զգացումը և ողբերգականորեն հանգեցնում երիտասարդների շրջանում հոգեկան առողջության խնդիրների ավելացմանը: Նրանք տեսնում են քաղաքական համակարգ, որն ի վիճակի չէ լուծելու իրենց խնդիրները, և շատերն իրենց հերթին ընդհանրապես հրաժարվում են ավանդական քաղաքական գործընթացներից:
Իրոք, ուսումնասիրությունները պարբերաբար ցույց են տալիս կտրուկ տարբերություն, թե ինչպես են երիտասարդ և ավագ սերունդներն ընկալում ու մասնակցում քաղաքականությանը: Երիտասարդները հաճախ իրենց մեկուսացած են զգում ավանդական քաղաքական կառույցներից` համարելով, որ քաղաքական գործիչները կապ չունեն իրենց կարիքների հետ:
Ուսումնասիրությունները (ինչպիսիք են` եվրոպական երիտասարդ հետազոտողների խմբի կատարած ուսումնասիրությունները) ընդգծում են, որ ավելի կրթված և արտոնյալ ծագում ունեցող մարդիկ, հատկապես երիտասարդ տղամարդիկ, ավելի հավանական է, որ քաղաքականապես ակտիվ կլինեն:
Միևնույն ժամանակ, նրանք, ովքեր բախվում են տնտեսական դժվարությունների, աշխարհագրական մեկուսացման կամ այլ խոչընդոտների, ավելի քիչ են ներգրավված:
Սա մեզ բերում է առանցքային խնդրի` տնտեսական անհավասարության: 2024 թվականի հունվարին այս վեհաժողովում առաջարկություն ներկայացվեց` ուղղված տնտեսական մարտահրավերներին դիմակայելու հարցում երիտասարդության մասնակցությանը: Եվրոբարոմետրի հետազոտությունը ցույց է տվել, որ երիտասարդ եվրոպացիների միայն 33 տոկոսն է իրեն բավարարված զգում իրենց կառավարությունների կողմից կյանքի բարձր գնի դեմ պայքարելու միջոցներից:
Աճող ծախսերը, հատկապես բնակարանային և էներգետիկ ծախսերը, անհամաչափորեն ազդում են երիտասարդների վրա: Եթե մենք չլուծենք տնտեսական անհավասարության խնդիրը, մենք ռիսկի ենք դիմում երիտասարդական կազմակերպություններ ստեղծելու առումով, որոնք չեն լինի ոչ բազմազան, ոչ էլ ներկայացուցչական, ինչը երիտասարդներին ավելի կհեռացնի քաղաքական կյանքից:
Այնուամենայնիվ, հույս կա: 2022 թվականին լրացավ Եվրոպայի խորհրդի երիտասարդական հատվածի 50-ամյակը, ինչը նշվեց «Ժողովրդավարությունն այստեղ. ժողովրդավարությունը հիմա» քարոզարշավով: Այս նախաձեռնությունը համախմբել է երիտասարդության ներկայացուցիչների աշխարհի 45 երկրներից` նպատակ ունենալով կամրջել երիտասարդների և ժողովրդավարական ինստիտուտների միջև առկա բացը:
Երիտասարդների հզորացման ամենակարևոր գործիքներից մեկը կրթության հասանելիությունն է: Կրթությունն ապահովում է գիտելիքներ, քննադատական մտածողության հմտություններ և վստահություն, որոնք անհրաժեշտ են հնացած համակարգերին մարտահրավեր նետելու, նոր լուծումներ ստեղծելու և ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման գործում առաջնորդի դեր ստանձնելու համար:
Այնուամենայնիվ, կրթության խոչընդոտները պահպանվում են. տնտեսական դժվարությունները, աշխարհագրական մեկուսացումը և անհավասար հնարավորությունները շարունակում են խանգարել շատ երիտասարդների` իրացնելու իրենց ամբողջ ներուժը: Որպես խորհրդարանականներ` մեր պարտականությունն է վերացնել այդ պատնեշները: Մենք պետք է ստեղծենք միջավայրեր, որտեղ բոլոր երիտասարդները, անկախ իրենց ծագումից, կարող են բարգավաճել: Միայն դրա իրականացման շնորհիվ մենք կարող ենք ապահովել, որ երիտասարդությունն ակտիվ և կենսական դերակատարում ունենա ժողովրդավարության աշխուժացման գործում:
Շնորհակալություն»,- նշել է պատգամավորը: