Նախագծով նախատեսվում է օրենքում լրացնել դրույթ, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր հաջորդ տարվա պետական բյուջեով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար նախատեսվում է պարգևատրման հավելյալ ֆոնդ, որի ձևավորման պայմանները, հաշվարկման և հատկացվող գումարի առավելագույն չափի որոշման կարգը սահմանում է Կառավարությունը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը` հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նա տեղեկացրել է, որ 2022 թվականի սեպտեմբերից շուրջ երկու տարի ծառայությունում իրականացվել է պարգևատրման պիլոտային ծրագիր, ինչը հանգեցրել է ծառայության գործունեության էական բարելավման: Պիլոտային ծրագրի իրականացման արդյունքում պարգևատրման հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավման կառուցակարգն օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտություն է առաջացել:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի խրախուսել հարկադիր կատարողին` օրենքով սահմանված լիազորություններն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Ալխաս Ղազարյանը: Նա պարզաբանել է, որ Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները պարգևատրվելու են իրենց ներկայացրած կատարողականների արդյունքների հիման վրա: Պատգամավորը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին: