Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում Նորվեգիան ներկայացնող պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենն անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին: «Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի, օրենքի գերակայության և ժողովրդավարության վատթարացումը» թեմայով քննարկման հիմնական զեկուցողը նշել է.
«Հունվարի 24-ին մեր Վեհաժողովը որոշում կայացրեց չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ ԵԽԽՎ-ն, ի թիվս այլ հարցերի, մտահոգված էր մոնիտորինգի ընթացակարգում համագործակցության և փետրվարի 7-ին նախագահի արտահերթ ընտրությունը դիտարկելու հրավերների բացակայությամբ: Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների վիճակին: Ցավոք, COP 29 -ին ընդառաջ վերջին իրադարձությունները ծավալվում են սխալ ուղղությամբ։ Ադրբեջանի իշխանությունները որոշեցին Վեհաժողովին չհրավիրել սեպտեմբերի 1-ին խորհրդարանի արտահերթ ընտրությունը դիտարկելու համար:
Օգոստոսի 26-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անցանկալի անձ է հայտարարել մեր Վեհաժողովի 76 անդամի, որոնք քվեարկել են ադրբեջանական պատվիրակությանը լիազորությունից զրկելու օգտին: Արգելքը կհանվի միայն այն դեպքում, եթե նրանց պատվիրակության մասնակցությունը վեհաժողովի աշխատանքներին վերականգնվի։ Ավելին, այն, թե ինչպես անցկացվեց սեպտեմբերի 1-ի խորհրդարանի ընտրությունը, կրկին մտահոգություններ է առաջացնում ժողովրդավարական չափանիշների պահպանման առումով:
Ադրբեջանի Ընտրական օրենսգիրքը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, ներառյալ՝ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները: Միջազգային կազմակերպություններն ընդգծել են, որ ընտրությունն անցկացվել է սահմանափակող քաղաքական և իրավական պայմաններում, ինչը հանգեցրել է մրցակցության բացակայության: Ընտրության օրը անկախ ԶԼՄ-ները հաղորդել են անկախ թեկնածուների նկատմամբ բռնության զանգվածային դեպքերի, իշխանամետ թեկնածուների օգտին կարուսելային քվեարկության, լցոնումների, չգրանցված ընտրողների և քվեարկության ընթացքում լուրջ խախտումների մասին:
Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը ստացել է խորհրդարանի 125 տեղից 68-ը, մնացած տեղերը զբաղեցրել են այսպես կոչված անկախ թեկնածուները: Առաջատար ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունը 7-րդ անգամ անընդմեջ չի մասնակցել ընտրությանը: Մասնակցությունը կազմել է ընդամենը 37,3 տոկոս, ինչն ամենացածր ցուցանիշն է ընտրությունների անցկացման ամբողջ ընթացքում: Ավելին, սեպտեմբերի 1-ի ընտրությունը տեղի է ունեցել այլախոհության շարունակական ճնշմամբ, արտահայտվելու, հավաքների և միավորումների ազատության սահմանափակումների աճով, ինչպես նաև քաղաքական ակտիվիստների, քննադատների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրատվամիջոցների նկատմամբ շարունակվող բռնաճնշումներով: Ընտրությունից մի քանի ամիս առաջ իշխանությունները ձերբակալել են տասնյակ լրագրողների, որոնք ընտրությունների լուսաբանման մասնագիտական փորձ ունեին: Իշխանությունները ձերբակալել են նաև ընտրությունը վերահսկելու փորձ ունեցող քաղաքացիական հասարակության ակտիվիստների։
Ադրբեջանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակը շարունակում է մնալ ծանր: Տեղական իրավապաշտպան կազմակերպությունները հայտնել են, որ առնվազն 303 անձ բանտարկվել է քաղաքական հիմքերով:
Բացի այդ, մենք կանգնած ենք հայ ռազմագերիների և քաղաքացիական գերիների շուրջ չլուծված իրավիճակի առջև, որոնք դեռևս պահվում են Ադրբեջանում՝ ինչպես նշված է մեր 2023 թվականի 2483 բանաձևում, ի լրումն էթնիկ և մշակութային զտումների այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Հարկ է նաև նշել, որ 2024 թվականի հունվարի վերջից իշխանությունները հրաժարվում էին Բաքվում բարձր մակարդակի բանակցություններ վարել Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ) հետ։
Հուլիսի 3-ին ԽԿԿ-ն աննախադեպ հայտարարություն արեց Ադրբեջանի իշխանությունների կողմից համագործակցության մշտական բացակայության մասին և որոշեց հրապարակել 2022 թվականին երկիր ժամանակավոր այցի մասին իր զեկույցը։ Եզրափակելով՝ այս բոլոր զարգացումները շատ ողբալի են։ Ճնշման մակարդակն աննախադեպ է թվում և ավելի է բարդացնում Վեհաժողովի և Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը։
Մենք պետք է վճռականորեն դատապարտենք Վեհաժողովի և ԽԿԿ-ի հետ համագործակցության բացակայությունը, սակայն պետք է նաև հուսանք, որ այդ բացասական իրադարձությունները չեն հանգեցնի Ադրբեջանի իշխանությունների հետ հարաբերությունների մշտական խզմանը: Մենք պետք է պատրաստ լինենք երկխոսության և աջակցենք իշխանություններին՝ միջոցներ ձեռնարկելու հիմնարար արժեքները պաշտպանելու համար, որոնք նրանք ընդունում են Եվրոպայի խորհրդին անդամակցելիս: Սակայն, եթե մեր փոխադարձ համագործակցության և երկրի ընդհանուր իրավիճակի առումով բարելավում տեղի չունենա, մենք պետք է զգոն լինենք և պաշտպանենք մեր արժեքները»։