Քաղաքական կամքի պարագայում ոչ մի խնդիր չկա այսօր համաձայնեցված այն կետերը, որ կան, կնքել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Եթե իրոք Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունի, եթե իրոք Ադրբեջանի ղեկավարը ուզում է խաղաղություն տարածաշրջանում, գնդակը գտնվում է ադրբեջանական դաշտում արդեն շատ վաղուց, և մենք սպասում ենք Ադրբեջանի և պաշտոնական Բաքվի արձագանքին, թե Խաղաղության պայմանագիրը որ հարթակում կկնքենք, ոնց կկնքենք, որտեղ են իրենք առաջարկում, որպեսզի քննարկենք»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Նա ընդգծեց, որ միջազգային տարբեր գործընկերներ արդեն հարթակներ են առաջարկում: «Սա ևս մեսիջ է, որ միջազգային հանրությունը սպասում է, և նույն COP29-ի պարագայում ուզում եմ պատկերացնել, որ արդյոք պե՞տք է, որ COP29-ի ընթացքում միջազգային գործընկերները, որոնք կայցելեն Բաքու, խոսեն այս պայմանագրից, խոսեն ռազմագերիներից, որոնք գտնվում են Ադրբեջանում, խոսեն Ադրբեջանի նախագահի տարածքային պահանջներից ՀՀ-ի նկատմամբ: Ես ուզում եմ հասկանալ՝ դա Ադրբեջանին այդքան հետաքրքի՞ր է և պե՞տք է»,- նշեց նա: