Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը «Ֆադի-4» հրթիռներով հարված է հասցրել իսրայելական Գլիլոտ ռազմակայանին և Թել Ավիվի մոտ գտնվող «Մոսադ» հետախուզական ծառայության շտաբին՝ հաղորդում է Al-Mayadeen հեռուստաալիքը:
The Times of Israel-ը հայտնում է, որ երկու մարդ թեթև վիրավորվել է Լիբանանից կենտրոնական Իսրայելի վրա հարձակումների հետևանքով։
Եմենի հութի ապստամբներն էլ անօդաչու սարքերով հարձակվել են ռազմական օբյեկտների վրա Յաֆայի շրջանում (Թել Ավիվ) և Էյլաթում, ասել է շարժման խոսնակ, գեներալ Յահյա Սարին։ AP-ն նշել է, որ Իսրայելում այդ հարվածների հետևանքների մասին ոչինչ չի հաղորդվում։
Հութիներն ավելի վաղ խոստացել էին շարունակել գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել մարտերը Գազայի հատվածում և հարձակումները Լիբանանի վրա:
The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարությունում կան մարդիկ, որոնց կարծիքով Իրանին կարելի է զերծ պահել Իսրայելի վրա նոր հարձակումից։
Միաժամանակ, նրանց պնդմամբ՝ ԱՄՆ-ը վախենում է Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակումից և ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում: Վաշինգտոնը մտահոգված է, որ Իրանը կարող է «նոր հարձակում սկսել Իսրայելի վրա՝ ի պատասխան «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի սպանության և Լիբանանում ռազմական գործողությունների սրման։