Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը երեքշաբթի՝ հոկտեմբերի 1-ին, երկրի 102-րդ վարչապետ է ընտրել Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) առաջնորդ Շիգերու Իշիբային: Այդ մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ ԼԴԿ-ն և նրա դաշնակից «Կոմեյտո» կուսակցությունը վերահսկում են ճապոնական խորհրդարանի երկու պալատները, ուստի քվեարկության արդյունքը սպասելի էր:
Հաղորդվում է, որ 67-ամյա Իշիբան արդեն սկսել է կառավարություն ձևավորել և շուտով կներկայացնի դրա կազմը։ Պաշտոնապես նոր վարչապետի և նրա կաբինետի նախարարների թեկնածությունները պետք է հաստատի Ճապոնիայի կայսր Նարուհիտոն։
Ճապոնիայի նախկին նախարարների կաբինետը՝ Ֆումիո Կիշիդայի գլխավորությամբ, ամբողջությամբ հրաժարական է տվել սեպտեմբերի 30-ին՝ Ճապոնիայի խորհրդարանի արտահերթ նիստում: Ըստ մամուլի, երեք տարիները, որոնց ընթացքում Կիսիդան գլխավորել է երկրի կառավարությունը, ուղեկցվել են սկանդալներով, այդ թվում՝ ԼԴԿ-ում կոռուպցիայի հետ կապված: