Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում Իռլանդիան ներկայացնող Փոլ Գավանն անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին: «Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի, օրենքի գերակայության և ժողովրդավարության վատթարացումը» թեմայով քննարկման ժամանակ նա ասել է.
«Ես ցանկանում եմ մեր մեծ մտահոգությունը հայտնել Ադրբեջանի ավտորիտար վարչակարգի կողմից սեփական քաղաքացիներին ավելի ու ավելի ճնշելու շարունակական ձգտման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում նախկին քաղաքացիների նկատմամբ նրա սարսափելի վերաբերմունքի և հարևան երկրի՝ Հայաստանի նկատմամբ նրա ռազմատենչ և սպառնալից պահվածքի կապակցությամբ։ Այս տարի այսպես կոչված նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին այնպես, որ նույնիսկ Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը կստիպեին կարմրել: Նախագահ Ալիևը հինգ անգամ անընդմեջ հաղթել է ընտրություններում այն բանից հետո, երբ 2003 թվականին այդ պաշտոնում փոխարինել է իր հորը՝ Հեյդար Ալիևին: 2009-ի հանրաքվեն վերացրել է նախագահի պաշտոնավարման ժամկետի սահմանափակումը, իսկ 2016 - ին հաստատվել է փոխնախագահի պաշտոնը, և, անակնկալ, նախագահի կինն անմիջապես նշանակվել է այդ պաշտոնում: Որպեսզի հասկանալի լինի, մենք խոսում ենք դաժան բռնապետության մասին, որը ղեկավարվում է ընտանեկան մաֆիոզ դինաստիայի կողմից և որը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ու սեփական քաղաքացիների ճնշման համար:
Վերջին տարիներին Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված իրավիճակն էլ ավելի է վատթարացել իրավապաշտպանների, ընդդիմության գործիչների ու անկախ լրագրողների ձերբակալման և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար քաղաքացիների էթնիկ զտումների պատճառով: Կամայական ձերբակալությունները, անորոշ ժամանակով կալանավորումը, դաժան ծեծը, խոշտանգումները և բռնի անհետացումները դարձել են մարդկանց ամենասարսափելի կերպով ճնշելու համակարգային միջոցներ: Այս տարի քաղբանտարկյալների թիվը եռապատկվել է, քանի որ ռեժիմը ձգտում է, որպեսզի ընդդիմության բոլոր ձայները լռեցվեն նոյեմբերին կայանալիք COP29 համաժողովի նախաշեմին: Ցավալի է գիտակցել, որ համաշխարհային տերությունները շարունակում են աջակցել մոլորակի ամենավատ ռեժիմներից մի քանիսին, և փողը հերթական անգամ վտանգում է մարդու իրավունքները: Այս բոլոր գործողությունների լույսի ներքո պարզ է դառնում, որ Վեհաժողովը ճիշտ է վարվել՝ հրաժարվելով այս տարվա սկզբին վավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները:
Ենթադրվում է, որ մեր արժեքները հիմնված են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա։ Ադրբեջանական ռեժիմը հավատում է այլընտրանքային պլուտոկրատիայի, խոշտանգումների և ահաբեկչության կառավարմանը: Կարծում եմ, որ ժամանակն է նախաձեռնել Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի միջև լրացուցիչ համատեղ ընթացակարգ՝ կապված Ադրբեջանի կողմից իր կանոնադրական պարտավորությունների բազմաթիվ լուրջ խախտումների հետ»: