Թուրքական պաշտպանական մատակարար Aselsan-ն Ադրբեջանին կմատակարարի Aselflir-500 էլեկտրաօպտիկական հսկողության և ուղղորդման համակարգեր, ինչպես նաև կառավարվող Tolun հրթիռներ՝ հայտնում է Minval-ը՝ հղում անելով The Defense Post-ին։
Երկու համակարգերն էլ նախատեսված են Բաքվի կողմից վերջերս ձեռք բերված Akıncı հեռահար անօդաչու թռչող սարքը վերազինելու համար:
Aselflir-500 համակարգը նախատեսված է հետախուզման, հսկողության և թիրախավորման համար: Այն համալրված է բարձր լուծաչափով ինֆրակարմիր տեսախցիկով՝ 3-5 միկրոմետր հեռահարությամբ, ցերեկային տեսողության տեսախցիկով, կարճ ալիքի ինֆրակարմիր տեսախցիկով, լազերային ցուցիչով, հեռաչափով և լազերային հետագծիչով։
«Օդ-երկիր» կառավարվող Tolun հրթիռն ունի մինչև 101 կմ հեռահարություն և կարող է հասնել մինչև 12192 մետր բարձրության: Այն հագեցած է GPS համակարգով և իներցիալ նավիգացիայով՝ մինչև 10 մետր թիրախի ճշգրտությամբ։ Հրթիռն ունակ է ծակել մեկ մետր երկաթբետոնը 55 կմ հեռավորությունից։
Բացի դրանից՝ Ադրբեջանի ՊՆ-ի հետ ստորագրվել են կապի և տեղեկատվական անվտանգության համակարգերի, պաշտպանության նախարարության ազգային օդատիեզերական գործակալության հետ՝ ռադիոէլեկտրոնային պայքարի և Ադրբեջանի ՊՆ գիտահետազոտական ինստիտուտի հետ՝ Aselsan խելացի զինամթերքի համատեղ արտադրության համաձայնագրեր:
Ուշագրավ է, որ Ադրբեջանը, որը պարբերաբար դժգոհություն է հայտնում տարբեր միջազգային գործընկերների հետ Հայաստանի ռազմական գործակցության զարգացումից, հետևողականորեն շարունակում է իր ռազմականացման գործընթացը: