Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Էստոնիայի միջև քաղաքական երկխոսության աճող դինամիկան՝ հատուկ կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների շարունակականությունը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարներին և այդ ուղղությամբ իրականացվող քայլերին։
Նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման կարևորությունը: