ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Կոեն Պուստյենսին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանդիպմանը ներկա է եղել նաև NDI հայաստանյան գրասենյակի ծրագրերի ավագ ղեկավար Վարդան Փարթամյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի գործունեությունն ու ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության հեռանկարները:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և կարևորել հատկապես երիտասարդության ոլորտում երկկողմ անելիքներն ու համագործակցության հնարավորությունները:
Կոեն Պուստյենսին տեղեկացրել է՝ NDI հայաստանյան գրասենյակի գործունեության կարևոր ուղղություններից են պառլամենտարիզմի զարգացման, քաղաքացիական հասարակության աջակցության, երիտասարդների մասնակցության խթանման, ինչպես նաև կանանց հզորացմանն ուղղված ծրագրերը:
Արթուր Մարտիրոսյանը, անդրադառնալով ՀՀ-ում երիտասարդական քաղաքականության իրականացմանը, ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները: Նրա խոսքով՝ օրենքի հիմնական նպատակը երիտասարդության ոլորտում պետության կողմից վարվող քաղաքականության իրավական հենքի ստեղծումն է, ֆինանսավորման բաշխման հիմնական սկզբունքների ու պետական մարմինների և ոչ պետական կազմակերպությունների լիազորությունների և գործառույթների սահմանումը: Նախարարի տեղակալը կարևորել է այն փաստը, որ օրենքի նախագիծը մշակվում է հենց երիտասարդների ակտիվ մասնակցությամբ. այն ներկայացվել է ՀՀ բոլոր մարզերի շահագրգիռ կողմերին, քննարկումներին ավելի քան 1000 երիտասարդ է մասնակցել:
Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի երիտասարդական պետական քաղաքականության ոլորտում ամրագրված է մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացման և իրացման կարևորությունը: Ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը հիմնել 25 երիտասարդական կենտրոններ, որոնք կարևոր հարթակներ են երիտասարդների կարողությունների բացահայտման, զարգացման, քաղաքացիական կեցվածքի ձևավորման ու դրսևորման համար: Կողմերը քննարկել են այս կենտրոններում վերապատրաստումների և տարատեսակ դասընթացների կազմակերպման հնարավորությունները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նաև ոլորտում պետական քաղաքականության արդյունավետության մշտադիտարկման, գնահատման համակարգի և երիտասարդության ազգային ինդեքսի մշակումը, որը կարող է հիմք հանդիսանալ փաստահեն պետական երիտասարդական քաղաքականության իրականացման համար՝ սահմանելով թիրախային առաջնահերթություններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, նախանշվել են համագործակցության ուղղությունները: