Եթե կազմակերպությունը թողարկում է բաժնետոմսեր, և այդ բաժնետոմսերի թողարկումը տեխնոլոգիական առումով ծածկագրված է, դա չի նշանակում, որ դա պետք է դիտարկենք որպես թվային ակտիվ: Հետևաբար դա բաժնային գործիքի թողարկում է: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ԿԲ Խորհրդի անդամ թեկնածու Լևոն Սահակյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դիտարկմանը, թե կրիպտոարժույթները կանխիկացվում են առանց փաստաթղթի, և որ համընդհանուր հայտարարագրման քաղաքականության շրջանակում սա «չարիք» է:
Լևոն Սահակյանն ընդգծեց՝ թվային ակտիվների մասով դաշտը կարգավորելու կարիք կա, ապա տեղեկացրեց, որ այս մասով նախաձեռնվել է թվային ակտիվների մայր օրենքի նախագիծ:
Խոսելով կրիպտոարժույթի կանխիկացումներից՝ Լևոն Սահակյանը խնդիրը բաժանեց շերտերի, այն է՝ ինչպես է ԿԲ-ն վերաբերվում կանխիկով գործարքներին և փոխանակման կետերին՝ որպես գործառույթ իրականացնողների:
«ՆԳՆ համապատասխան օրենքի նախագիծը հասել է ԱԺ: Նախագծով մենք արտահայտում ենք այն մոտեցումը, որ թվային ակտիվներով գործարքները վերջնական փուլերում պետք է լինեն անկանխիկ. դա ենթադրում է նույնականացման որոշակի գործընթաց: Բնականաբար, եթե լինեն անկանխիկ, ապա գործարքները չեն կարող լինել անանուն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է գործունեության այն տեսակին, երբ թվային ակտիվներով մատուցվում են որոշակի ծառայություններ, ապա սա՝ որպես գործունեություն, նույնպես ներառված է մշակվող նախագծում: Ըստ Լևոն Սահակյանի՝ դա ենթադրում է գրանցում, իսկ նման գործունեություն ծավալողները՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, կանցնեն հաճախորդի նույնականացում՝ պահպանելով նաև ֆինանսական համակարգում հայտնի այլ կանոնները, երբ, օրինակ, հասկանալի է՝ փոխանցումը որտեղից ուր է գնում:
Արթուր Հովհաննիսյանը ԿԲ-ի ուշադրությունը հրավիրեց այս հանգամանքի վրա, որ այժմ քաղաքացին կարող է մտնել կրիպտոարժույթի փոխանակման կետ և կանխիկացնել ինչ ծավալի գումար ուզում է:
«Ոչ մի փաստաթուղթ չի ներկայացնում, և այդ գումարը ոչ մի տեղ չի երևում՝ ո՛չ մտնելը, ո՛չ դուրս գալը. սա փողերի լվացման դասական օրինակ է: Խնդրում եմ՝ ԿԲ-ն սրա վրա ուշադրություն դարձնի և լուծում առաջարկի»,- ասաց Հովհաննիսյանը: