Խորհրդարանը քննարկում է ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդի պահանջով Բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Լեռնային Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանները ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվելիք ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց՝ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ:
«Սահմանադրության հանաձայն՝ քննիչ հանձնաժողովը ստեղծվում է իրավունքի ուժով, բայց նաև Սահմանադրության 108-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ թիվը, որը պետք է ունենա հանձնաժողովը իր աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար, նախատեսվում է ԱԺ որոշմամբ: Առաջարկվում է հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 17՝ նկատի ունենալով ոլորտի ծավալը, նաև հաշվի առնելով հանգամանքը, որ նույն Սահմանադրության և Կանոնակարգ օրենքի համաձայն՝ հանձնաժողովի այս թիվը բաժանվելու է խմբակցությունների միջև՝ իրենց ներկայացրած կշռին համապատասխան: Ըստ այդմ՝ հանձնաժողովի անդամներից 11-ը լինելու է ՔՊ խմբակցության ներկայացուցիչ, 5-ը՝ «Հայաստան» խմբակցությունից և 1-ը՝ «Պատիվ ունեմ»-ից: Հայտնի է նաև, որ հանձնաժողովի նախագահը, առաջարկված դիմումի համաձայն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն է: Օրենքի պահանջի համաձայն՝ փոխնախագահը լինելու է իշխանության ներկայացուցիչը»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց հիմնական զեկուցող, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նա հիշեցրեց հանձնաժողովի ստեղծման հիմնական նպատակը՝ ԼՂ ժողովրդի կենսագործունեության ապահովման պայմանների ուսումնասիրությունը, կարիքների գնահատման համակարգի վերլուծությունը, լուծումներ առաջարկելը:
«Նպատակը ամբողջությամբ տեղավորվում է սոցիալ-տնտեսական, իրավական հարթության մեջ, և գլխավոր ուղղվածությունը մեր հայրենակիցների՝ ՀՀ-ում բնակարանային, սոցիալական, կրթական, մշակութային և մարդու հիմնական իրավունքներից բխող մնացյալ կենսագործունեության համար անհրաժեշտ իրավունքների ապահովմանն ուղղված ծրագրերի, դրանց համար հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության գնահատումն է»,- նշեց պատգամավորը:
ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հարց ուղղեց Մինասյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու են հատկապես ցանկանում քննիչ հանձնաժողով ստեղծել, քանի որ պատգամավորները մատչում ունեն ցանկացած տեղեկատվության:
«Բազմաթիվ հարցեր կան, որ պահանջում են, որ ամբողջ ծավալով կարողանան վերլուծության ենթարկել և ներկայացնել առաջարկություններ, և դրա լավագույն լուծումը մի մարմնի ստեղծումն է, որտեղ իշխանությունը և ընդդիմությունը միասնական ջանքերով կկարողանան լուծել այդ խնդիրը՝ առանց ավելորդ քաղաքականացման»,- պարզաբանեց Մինասյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ իրականում բազմաթիվ են խնդիրները, որոնք համակարգային լուծման կարիք ունեն: Նրա խոսքով՝ այնպես չէ, որ խնդիրները չեն լուծվում, սակայն դրանք խմբագրման-սրբագրման կարիք ունեն: